Կաբարդինո-Բալկարիայի բնակիչներն անհաջող կատակել են Դոմոդեդովոյի օդանավակայանում, հայտարարելով, որ եկել են այն պայթեցնելու: Օդանավակայանի անվտանգության ծառայությունը «ըստ արժանվույն է գնահատել» կատակը` ձերբակալելով նրանց:

Ըստ ռուսական լրատվամիջոցների` 12:45-ին օդանավակայանի ավտոկայանատեղիում կանգ է առել Audi մակնիշի ավտոմեքենա: Աշխատակիցը խնդրել է առաջ շարժվել մյուս մեքենաներին չխանգարելու համար: Ի պատասխան` վարորդը խնդրել է հանգիստ թողնել իրեն, քանի որ ինքը եկել է օդանավակայանը պայթեցնելու համար:

Վարորդը եւ ուղեւորն այս պահին ձերբակալված են եւ գտնվում են հերթապահ տեղամասում: Հայտնի է, որ այդ երկուսը Կաբարդինո-Բալկարիայի բնակիչներ են: Նրանք ժամանել էին օդանավակայան ծանոթին դիմավորելու համար:

Ոստիկանությունը հերքում է Դոմոդեդովոյի օդանավակայանից ուղեւորներին տարհանելու մասին որոշ լրատվամիջոցների տարածած լուրը:

Գրեթե մեկ տարի առաջ` 2011թ. հունվարի 24-ին այդ օդանավակայանում մահապարտ-ահաբեկիչը հզոր պայթյուն էր կազմակերպել դիմավորողների ամբոխում, որի արդյունքում 37 մարդ զոհվել, 200-ը վնասվածքներ էին ստացել: Այդ ահաբեկչությունից հետո երկրի բոլոր օդանավակայաններում եւ կայարաններում խստացվել էին անվտանգության միջոցառումները, գրում է NEWSru.com-ը: