Այսօր՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստ տեղի կունենա, որի ընթացքում կքննարկվեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զարգացումները։ Այս մասին հայտնում է Turkiye Gazetesi-ն։

Այս տարվա խորհրդի չորրորդ նիստի հիմնական հարցը կլինի «Առանց ահաբեկչության Թուրքիա» հայեցակարգի շրջանակում նախատեսվող հաջորդ քայլերը։

Նիստի օրակարգում կլինեն մի քանի կարևոր հարցեր։ Կքննարկվեն տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) խորհրդանշական զինաթափումը, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը։ Բացի այդ, կքննարկվի իշխանական կառույցներում ՔԲԿ-ի սիրիական թևի ինտեգրումը։ Կանդրադառնան նաև անվտանգության հնարավոր սպառնալիքներին, որոնք առաջացել են նոր սիրիական կառավարության և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև մարտին ստորագրված համաձայնագրի չկատարման հետևանքով։

Բացի այդ, նախատեսվում է քննարկել Իսրայելի հարձակումը Սիրիայի վրա, որը եղել է դրուզներին պաշտպանելու պատրվակով։ Խորհրդի օրակարգում ներառված են նաև Իսրայելի կողմից Գազայում իրականացվող ցեղասպանությունը, ինչպես նաև Սիրիայի և Իրանի դեմ գործողությունները։ Կգնահատվի նաև Թուրքիայի տարածաշրջանային անվտանգության վրա Մերձավոր Արևելքում լարվածության աճի ազդեցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվելիք այլ հարցերի թվում են անտառային հրդեհները, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը և «Հարավային Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։