Եգիպտոսում ԱԷԿ-ի շինարարության դեմ բողոքողների եւ ոստիկանների բախումից օգտվելով անհայտ անձինք հափշտակել են ռադիոակտիվ տարրեր պարունակող սեյֆը:
Տեղի բնակիչները պահանջել են «Դեբբա» կայանի շինարարությունը Միջերկրական ծովի ափից տեղափոխել այլ վայր` հայտարարելով, որ իշխանությունները իրենցից խլել են հողատարածքը: Ատոմակայանի աշխատակիցները անկարգությունների օրը հրաժարվել են աշխատանքի ներկայանալ` որպես պատճառ մատնանշելով անվտանգության պայմանների բացակայությունը: Ժողովրդի եւ ոստիկանության բախման ընթացքում, որի ժամանակ կողմերը միմյանց վրա քարեր են շպրտել եւ անգամ հրազեն կիրառել, տասից ավելի մարդ վիրավորվել է: Բողոքողները քանդել են շինարարության վայրը շրջափակող պատը:
Անուշադրության մատնելու հետեւանքով անհայտ անձինք ձեռնարկությունից հափշտակել են ռադիոակտիվ տարրեր պարունակող շարժական սեյֆը, իսկ առավել ծանրը բացել են` տանելով պարունակության մի մասը: Ոստիկանությունը հետաքննություն է վարում: Որպես փորձագետ հրավիրվել են ատոմային ոլորտի գիտնականներ, հաղորդում է pravda.ru-ն:




























