Դպրոցական ուսուցիչը Արեւմտյան Բենգալիայում, ստուգելով իր հաշիվը, պատահաբար հայտնաբերել է, որ միլիարդատեր է դարձել:
Պարիժատ Սախին, ով ակնկալում էր, որ իր հաշվեկշիռը կկազմի 10 հազար ռուփի (200 դոլար), իր հաշվին հայտնաբերել է աստղաբաշխական գումար` 490 միլիարդ ռուփի (9,8 միլիարդ դոլար):
Դա մի փոքր է զիջում Հնդկաստանի կրթության նախարարության ողջ տարեկան բյուջեին:
Սախիի աշխատավարձը կազմում է ամսական 35 հազար ռուփի (700 դոլար): Ապշահար մանկավարժը որեւէ կերպ չի կարողացել ուշքի գալ, նա զանգահարել է բանկ, որտեղ հաստատել են միլիարդատիրոջ իր կարգավիճակը:
Բայց նա երկար չի ուրախացել, գումարները նրա հաշվին պատահաբար էին հայտնվել: Բանկում չեն հայտնում, թե ինչպես է դա տեղի ունեցել, բայց ասում են, որ հանկարծակի հարստացած հաճախորդը չէր կարող օգտվել հարստությունից, անգամ եթե ցանկանար: Սախիին թույլ են տվել իր հաշվից հանել միայն 200 դոլարը, մնացած մասը դեռ գտնվում է հաշվին, գրում է BBC-ն:




























