Իտալական լրատվամիջոցները շարունակում են կոմպրոմատներ հավաքել աղետի ենթարկված «Կոստո Կոնկորդիա» զբոսանավի հրամանատար Ֆրանչեսկո Սկետինոի վերաբերյալ: Պարզվել է, որ Սկոտինոն, ով սուզվող նավը լքողների շարքերում առաջիններից մեկն է եղել, մինչ այդ էլ իրեն համարժեք չի պահել:

Այն պահին, երբ նավն արդեն բախվել էր խութերի, հրամանատարը ռեստորանում զվարճանալիս է եղել երկու երիտասարդ կանանց հետ: Այս մասին իտալական RaiTre հեռուստաալիքի եթերում պատմել է նավի ուղեւորներից Մարկո Մոնդան, ով զբոսանավում անցկացնում էր իր մեղրամիսը:

Մարկո Մոնդան կնոջ հետ այցելել է ռեստորան ժամը 21:00-ին եւ տեսել է, թե ինչպես նավի հրամանատար Սկետինոն երկու գեղեցկադեմ կանանց գրկած անցել է իր սեղանի մոտով:

Լրատվամիջոցները պարզել են նաեւ, թե ով է եղել խորհրդավոր շիկահերը. Նա 25-ամյա մոլդավուհի Դոմնիկա Չեմորտանն է, ում այժմ փնտրում է դատախազությունը, քանի որ նա անօրիանակ է գտնվել նավի վրա: Նրան թույլ են տվել նավ բարձրանալ, նավապետի խնդրանքով:

Նույն հեռուստահաղորդման ժամանակ հանդես է եկել նաեւ «Կոստա Կոնկորդիա» նավի կոկերից մեկը` ֆիլիպինցի Ռոջելիո Բարիստան: Նա պնդել է, որ նավի վնասվելու Սկետինոն իրեն համարժեք չի պահել: «Նավապետը մեզ համար ընթրիք պատվիրեց ժամը 22:00-22:30-ին եւ ես նրան տեսա անծանոթ մի կնոջ հետ: Ես հարցրեցի մեկ այլ կոկի` Յազոն Վելասկոյին, թե ի՞նչ է կատարվում նավապետի գլխում, չէ՞ որ այս րոպեներին հատակը փլվում է»,-պատմել է Ռոջելիոն, հաղորդում է Utro.ru-ն:

Նշենք, որ նավապետը քննիչներին խոստովանել է, որ նավի շրջադարձ կատարելու հրամանը շատ ուշ է տվել: Նա որոշել էր շատ մոտենալ Ջիլիո կղզուն, որպեսզի ազդանշանով ողջունի նավի` ափին գտնվող նախորդ հրամանատարին: Հենց դա էլ աղետի պատճառ է դարձել: