«Ես սեղանի վրա նման փաստաթղթի գոյության մասին տեղեկացված չեմ։ Վարչապետի հայտարարությունները լսած կլինենք այն մասին, որ բանավոր մեկնաբանությունները ոչինչ են»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին հնարավո՞ր է, որ ուրբաթ օրը Վաիշինգտոնում փաստաթուղթ ստորագրվի կամ նախաստորագրվի։
Նրա խոսքով, Հայաստանը հաջողություն կհամարի Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, որ կֆիքսվի նաև թղթի վրա։
Լրագրողի հարցին՝ ՔՊ–ում տեղյա՞կ են և արդյո՞ք Փաշինյանը թիմի հետ քննարկել է, թե ինչ օրակարգով է մեկնում Վաշինգտոն, Հասմիկ Հակոբյանը պատասխանեց.
«Մենք ունենք մեկ պաշտոնական հաղորդագրություն և ոչ հայկական լրատվամիջոցների բազմաթիվ նյութեր։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ մեր պատվիրակությունը պատրաստվում է հանդիպել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, նաև ունենալ եռակողմ հանդիպում Թրամփի և Ալիևի հետ։ Օրակարգի մասին համառոտ նշվում է հաղորդագրության մեջ. տարածաշրջանում խաղաղության հաստատում և տնտեսական համագործակցություն։ Ընդդիմությունը հասկանում է տնտեսական համագործակցության առաջխաղացում՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով, ինչը բավական երկար ժամանակ է՝ Հայաստանի թիվ մեկ օրակարգն է։ Հիմա տեսնում են, որ շատ շոշափելի է մեր օրակարգի առաջխաղացումը և փորձում են փաթեթավորել բացասական եզրույթներով՝ օրինակ, միջանցք տերմինով։ Դուք չեք կարող գտնել կես նախադասություն, որը ենթադրում է միջանցքի տրամաբանություն։ Ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ կարևոր սկզբունքները հարգելով, հերքում է միջանցքի տրամաբանությունը»,–ասաց Հասմիկ Հակոբյանը։
Խոսելով «խաղաղության համաձայնագրի» մասին, պատգամավորն ասաց, որ իրենք բազմիցս հայտարարել են, որ որ համաձայնագրում չկա մի որևէ կետ, որը Հայաստանի համար խնդրահարույց է։
«Բոլոր կետերի մասին բարձրաձայն խոսել ենք։ Փաստաթղթի հրապարակումը նաև մյուս կողմի հետ համաձայնությունից է կախված, որովհետև սա խորհրդապահական բնույթ ունեցող փաստաթուղթ է։ Մենք դրա հրապարակման մեջ խնդիր չենք տեսնում և մեծ անհամբերությամբ սպասում ենք հրապարակմանը»,–հավելեց նա։
Հասմիկ Հակոբյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոն այցի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին, վստահեցնելով, որ դա առիթ կտա, որ ընդդիմությունը փորձի քաղաքացիներին փողոց հանելել։




























