Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ուրբաթ օրը Սպիտակ տանը կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը կարող է վերջ դնել տասնամյակներ տևած հակամարտությանը։
Նա հավելել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կստորագրեն նաև համաձայնագրեր Միացյալ Նահանգների հետ՝ «համատեղ հետապնդելու տնտեսական հնարավորությունները և բացահայտելու Հարավային Կովկասի տարածաշրջանի ողջ ներուժը»։
Ամերիկացի երեք պաշտոնյաներ, անանուն մնալու պայմանով, Associated Press-ին ասել են, որ համաձայնագրերը ներառում են մեծ առաջընթաց` տարածաշրջանով անցնող կարևոր տարանցիկ միջանցք ստեղծելու գործում։
Նրանց խոսքերով՝ համաձայնագրերը Միացյալ Նահանգներին կտան միջանցքի վարձակալության իրավունք, այն կանվանվի «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։
Այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ, որը բաժանված է հայկական տարածքի մի հատվածով։
Տրանզիտային միջանցքը, ինչպես սպասվում է, ի վերջո, կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր՝ ապրանքների և մարդկանց տեղաշարժը հնարավոր դարձնելու համար։ Համաձայնագիրը չի նախատեսում ԱՄՆ-ի կողմից տարանցիկ միջանցքի ֆինանսավորում, այլ ենթադրում է, որ դրա զարգացմամբ կզբաղվեն կորպորացիաներ։





























