Ստամբուլում հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանությունից 5 տարի անց տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել նրա հիշատակը հարգելու եւ բողոք հայտնելու դատարանի կայացրած խայտառակ վճռի դեմ:
Թուրքական NTV-ի փոխանցմամբ` Դինքի հիշատակի միջոցառմանը մասնակիցների շարքում էին բազմաթիվ թուրք լրագրողներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ եւ այլոք: Մասնակիցների մեջ էին «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիթաշը, նույն կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյե Օնդերը, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորներ Սեզգին Թանրըքուլուն, Շաֆաք Թավեյն ու այլ պատգամավորներ: Մասնակիցների շարքում էին նաեւ 2011-ի ապրիլի 24-ին զինծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահինի ընտանիքի անդամները: Իսկ գրող Վեդաթ Թյուրքալը հաշմանդամի սայլակով կրում էր «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» պաստառը:
Պատգամավոր Սըրրը Սուրեյե Օնդերն իր խոսքում քննադատել է Դինքի սպանության գործով դատարանի վճիռն ու պետության վերաբերմունքը` նշելով, թե Դինքի սպանությունը պետությունն իր ուսերին է վերցրրել, ուրեմն` պետությունն է Դինքին սպանողը:



























