Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո հայկական կողմը կարողացել է համոզել Իրանին, որ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) բոլոր «կարմիր գծերը» պահպանվել են։ Այդ մասին IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին՝ նշելով, որ այս պահին հարցի մասշտաբները մինչև վերջ պարզ չեն, սակայն հայկական կողմը համառորեն փորձել է սպառիչ պատասխաններ տալ։
Արաղչին նշել է, որ Հայաստանի վարչապետը զանգահարել է Իրանի նախագահին, հեռախոսազրույցներ են եղել Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ, իսկ փոխարտգործնախարար Վահան Կոստյանյանն անձամբ է մեկնել Թեհրան։
«Այն, ինչ տեղի է ունեցել և այն, ինչ պետք է տեղի ունենար, իսկ դա կոչվում է «տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ», բացարձակապես տարբեր բաներ են։ Ես չեմ ասում, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, մտահոգիչ չէ, որովհետև կան մտահոգություններ, որոնց ես դեռ կանդրադառնամ»,- ասել է Արաղչին։
Նախարարը նշել է, որ ի սկզբանե խոսվում էր Սյունիքի գրավման մասին, այնուհետև քննարկվում էր Ադրբեջանի ինքնիշխանության ներքո միջանցքի տարբերակը։ Իսկ հիմա, նրա կարծիքով, այդ բոլոր գաղափարները վերածվել են մի ճանապարհի, որը կառուցում է ամերիկյան ընկերությունը, որը գրանցված է Հայաստանում և գտնվում է Հայաստանի օրենքների և իրավասության ներքո։
«Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Մեր մոտակայքում ամերիկյան զորքեր չեն տեղակայվի և Իրանի բոլոր կարմիր գծերը հարգվում են», - նշել է դիվանագետը։
Արաղչին ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ընդամենը մասնավոր ամերիկյան ինժեներական ընկերությանը, այն պահակային կամ ռազմական կազմակերպություն չէ։ Նա համոզված է, որ «Թրամփի երթուղու» վրա ամերիկյան ուժեր չեն լինի, իսկ անվտանգությունը կապահովի հենց Հայաստանը։
Իրանի նախարարի խոսքով՝ սխալ է ասել, որ Իրանը դարձել է ՆԱՏՕ-ի հարևան կամ շրջապատված է Ամերիկայով։
«Մենք պետք է իրատես լինենք, տեսնենք, թե ինչ է կատարվում և մեր մտահոգությունները իրատեսորեն արտահայտենք՝ հիմնվելով փաստերի վրա», - նշել է դիվանագետը։
Նախարարը հավելել է, որ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Թեհրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, սակայն ցանկացած օտարերկրյա ներկայություն, ցանկացած ձևաչափով, կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Արաղչին վստահեցրել է որ ինքն արդեն փոխանցել է այս դիրքորոշումը Երևանին։
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն ունի բացարձակապես նույն դիրքորոշումը, բայց որոշ չափով ավելի մեղմ։ «Սկզբից մեր դիրքորոշումն այն էր, որ անկախ նրանից, թե Կովկասում ինչ քայլեր են ձեռնարկվում, տարածաշրջանի սահմանները չպետք է փոխվեն։ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի», - եզրափակել է նա։





























