Հայաստանի Ազգային Ժողովն 2011 թ. չորրորդ եռամսյակում քաղաքացիներից ստացել է 2203 նամակ: Այդ մասին տեղեկացնում է խորհրդարանի պաշտոնական կայքէջը: Նամակների թվի առումով սա նախորդող եռամսյակների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է: Սովորաբար` ԱԺ-ին հասցեագրվող նամակների թիվը 1000-1500-ի սահմաններում է:
Նշենք, որ նամակների հասցեատերերի կառուցվածքում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Մասնավորապես` նվազել են ԱԺ նախագահին ուղղված նամակները, որոնք 2011 թ. վերջին եռամսյակում կազմել են ընդամենը 312: Համեմատության համար` 2010 թ. չորրորդ եռամսյակում ԱԺ նախագահին նամակով դիմել էր 436 մարդ, իսկ 2011 թ. երկրորդ եռամսյակում` 523:
Փոխարենը քաղաքացիները սկսել են ավելի շատ գրել ԱԺ խմբակցություններին` 2011 թ. չորրորդ եռամսյակում ստացվել է 1040 նամակ: Հրապարակվող տեղեկատվությունը թույլ չի տալիս տեղեկանալ, թե հատկապես որ խմբակցություններն են ժողովրդականություն վայելում:




























