Ռուսաստանում գործարկվել է «Россиябездураков.рф» կայքը,  որը նախատեսված է պաշտոնյաների հիմարությունների եւ անիմաստ բյուրոկրատական ընթացակարգերի հավաքման համար:

Խախտումների, անհեթեթ եւ անիմաստ որոշումների մասին տեղեկությունները կտեղակայվեն «Օրենքներ եւ փաստաթղթեր», «Տրանսպորտ եւ ճանպարհներ», «Պաշտոնյաներից մեջբերումներ», «Այլ» ենթաբաժիններում:  Կայքը նաեւ էջեր ունի սոցիալական ցանցերում` Facebook-ում, Twitter-ում եւ «Вконтакте»-ում:

Պաշտոնյաների առաջին մեջբերումների թվում տեղ են գտել ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովի («Ես լավատեսորեն եմ կյանքին նայում. երբ հարցնում են` ինչպես ես ապրում, պետք է պատասխանել` ընտրում եմ գերեզմանս»), առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովայի («Մենք պետք է բարձրացնենք հիվանդությունների հայտնաբերումը  եւ սովորենք դրանք բուժել` չհասցնելով մահացության») արտահայտությունները:

Կայքի ստեղծման մտադրության մասին, որտեղ քաղաքացիները կարող են գրել ամենաանիմաստ բյուրոկրատական ընթացակարգերի մասին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր անցած տարեվերջին Դաշնային ժողովին հղած ուղերձում. «Ձեր առաջարկութունների հիման վրա որոշումներ կընդունվեն  ինչ-ինչ ընթացակարգերի ճշգրտման կամ չեղյալ հայտարարելու վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` նաեւ կադրային որոշումեր կլինեն»: