Ինքնասառեցվող ցեմենտը, որը կարող է դեպի դուրս արտացոլել լույսը և ջերմություն արձակել իր մակերևույթից, կարող է օգնել շենքերին մնալ հարմարավետ՝ առանց օդորակիչների անհրաժեշտության։
Սովորական ցեմենտը հակված է կլանել արևի ինֆրակարմիր լույսը և այն պահել ջերմության տեսքով, ինչը կարող է բարձրացնել ցեմենտից շենքերի ներսում, ինչպես նաև շրջակա օդում առկա ջերմաստիճանը։
Այսպիսով, Ինդիանայի Փերդյուի համալսարանից Ֆենյին Դուն և նրա գործընկերները որոշել են լուծել այս խնդիրը՝ ստեղծելով ցեմենտ, որը իր մակերեսին հավաքում է էտրինգիտ կոչվող հանքանյութի փոքրիկ արտացոլող բյուրեղներ, հաղորդում է Planet Today-ը։
Թիմի կողմից մշակված ցեմենտը իր մակերեսից արձակում է ինֆրակարմիր ճառագայթում, այլ ոչ թե կուտակում այն, ուստի այն արագ կորցնում է ջերմությունը։ «Այն գործում է որպես հայելի և ռադիատոր՝ արտացոլելով արևի լույսը և ուղղորդելով ջերմությունը դեպի երկինք և այդպես շենքը դառնում է ավելի զով՝ առանց օդորակման կամ էլեկտրաէներգիայի», - ասում է Դուն։
Դա ստեղծելու համար գիտնականները նախ պատրաստում են կրաքարի և գիպսի նման տարածված հանքանյութերի փոքրիկ գնդիկներ։ Նրանք դրանք մանրացնում են՝ վերածելով մանր փոշու, խառնում ջրի հետ և հետո լցնում են փոքր անցքերով սիլիկոնե կաղապարի մեջ։ Անցքերի միջով անցնող օդային պղպջակները ցեմենտի մակերեսին ստեղծում են փոքր փոսիկներ, որտեղ կարող են աճել անդրադարձնող էտրինգիտի բյուրեղները, իսկ կարծրացած ցեմենտի մեջ առկա ալյումինով հարուստ գելը թույլ է տալիս ինֆրակարմիր լույսի ներթափանցումը։
Դուի խոսքով՝ այս գործընթացը հեշտությամբ է մասշտաբավորվում, իսկ ցեմենտն ավելի էժան է սովորական պորտլանդցեմենտից, քանի որ այն կարող է արտադրվել ավելի ցածր ջերմաստիճաններում և մեկ տոննայի դիմաց 5 դոլարով ավելի պակաս արժե։
Գիտնականները փորձարկել են ցեմենտը Փերդյուի համալսարանի կամպուսի տանիքին՝ ստուգելու համար, թե ինչպես է այն պահպանում զովությունը։ Նրանք պարզել են, որ նոր ցեմենտի մակերևույթի ջերմաստիճանը 5.4 °C-ով ավելի ցածր է եղել օդի ջերմաստիճանից և 26 °C-ով ցածր սովորական պորտլանդցեմենտի ջերմաստիճանից։
«Սա շատ օգտակար նյութ է,- ասում է Լոնդոնի Համալսարանական քոլեջի ներկայացուցիչ Օսկար Բրուսը։- Դուք ավելացնում եք անդրադարձման ունակությունը, քանի որ մեծացնում եք նաև ճառագայթման ունակությունը, ուստի ցանկացած էներգիա, որը կլանվում կամ փոխանցվում է նյութին, արդյունավետորեն անդրադառնում է հետ»։
Սակայն, ըստ Բրուսի, միայն նյութի մակերևույթի ջերմաստիճանի չափումը պատկերացում չի տալիս, թե ինչպես այն կպահի իրեն իրական պայմաններում, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ փորձարկումներ։ «Սա չի նշանակում, որ եթե մակերեսը 5°C-ով ավելի ցածր է, ապա դրա շուրջը օդի ջերմաստիճանը նույնպես 5°C-ով ավելի ցածր կլինի։ Տեղային էֆեկտը կարող է զգալիորեն սահմանափակ լինել»։





























