Կասկած չի կարող լինել այն փաստի վերաբերյալ, որ 1945թ. Հիտլերն իրոք ինքնասպան է եղել:  Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԴԾ-ի գրանցման եւ արխիվային ֆոնդերի վարչության պետ Վասիլի Խրիստոֆորովը:

Ռուսական ԱԴԾ-ում Հիտլերի մասին հիշել են բրիտանացի պատմաբան Ջերարդ Ուիլյամսի «Գորշ գայլ. Ադոլֆ Հիտլերի փախուստը» գրքի լույսընծայման կապակցությամբ: Գրքում ենթադրվում է, որ Հիտլերն ու Եվա Բրաունը կարողացել են լքել Բեռլինը, իսկ գտնված մարմինները նրանց նմանակներին են պատկանել: Խրիստոֆորովը Ուիլյամսի աշխատությունը անվանել է   «էժանագին սենսացիայի եւս մեկ փորձ»:

Ինչպես պնդում է ԱԴԾ-ի աշխատակիցը, 1954 թվականից ի վեր ԽՍՀՄ ՊԱԿ-ի Կենտրոնական արխիվի (այժմ` Ռուսաստանի ԱԴԾ-ի ԿԱ) շենքում պահվող նյութերում առկա են Հիտլերի մերձավորների ցուցմունքների արձանագրությունները, դիակների հայտնաբերման վայրի լուսանկարները եւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, Հիտլերի գանգի մնացորդներ, նրա անձնական իրերը եւ այլն: «Տվյալ նյութերը 1945թ. Հիտլերի մահվանը կասկածելու տեղիք չեն տալիս», - հայտնել է Խրիստոֆորովը:

Նրա խոսքով` փաստաթղթերը գաղտնի են պահվել մինչեւ 1996թ., երբ դրանք ներկայացվեցին հանրությանը: Այդ օրվանից նյութերը բազմիցս տրամադրվել են ռուս եւ արտասահմանյան հեռուստաընկերություններին տեղեկատվական սյուժեներ եւ ֆիլմեր պատրաստելու համար, իսկ 2000թ.  ցուցադրվել էին «Երրորդ Ռեյխի հոգեվարքը: Հատուցում» ցուցահանդեսում:
2002թ. Հիտլերի մնացորդները ուսումնասիրվել են գերմանացի դատաբժշկական փորձագետ Բենկեի կողմից, որն էլ հաստատել է, որ Մոսկվայում պահվող գանգի հատվածներն իրոք Հիտլերինն են:

Խրիստոֆորովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի ԱԴԾ-ի Կենտրոնական արխիվ են դիմում անկախ փորձագետներ` եղած նյութերի գենետիկական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով:

«Որպես ֆյուրերի մահվան  փաստի միակ իրեղեն պահապան մարմին, արխիվը պատրաստ է համագործակցել պատմական ճշմարտության հաստատմանը, եւ գործող օրենսդրության համաձայն` հետազոտության համար տրամադրել ֆյուրերի ծնոտի` իրենց մոտ գտնվող հատվածները», - հայտարարել է նա, բացատրելով, որ դրա համար  անհրաժեշտ է փաստաթղթային  հաստատում, որ այն անձը, որից վերցվել է ԴՆԹ հետազոտության նյութը, իսկապես  Հիտլերի հետ բարեկամական կապեր է ունեցել, եւ որ տվյալ նյութն ստացել են օրինական ճանապարհով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ պաշտոնական վարկածի` նացիստական առաջնորդն ինքնասպան է եղել 1945 թվականի ապրիլի 30-ին, Եվա Բրաունի հետ: Դրանից հետո նրանց մարմինները փաթաթել են զինվորական համազգեստի մեջ, դուրս բերել այգի, բենզին լցրել եւ վառել:

Մայիսի 5-ին մարմինները հայտնաբերել են հողից դուրս ցցված շորի կտորի միջոցով: 1946 թվականի փետրվարին Հիտլերի, Եվա Բրաունի, Յոզեֆ եւ Մագդա Գեբբելսների եւ նրանց 6 երեխաների մարմինները թաղվել են Մագդեբուրգի ՆԳ ժողկոմիսարիատի բազայում: 1970 թվականին, երբ բազայի տարածքը պիտի փոխանցվեր ԳԴՀ-ին, Յուրի Անդրոպովի առաջարկությամբ դիակներն այրել են եւ մոխիրը լցրել Էլբա գետը: Մոսկվա են ուղարկել Հիտլերի ատամների պրոթեզները եւ գանգի մի մասը` գնդակի անցքի հետքով, ինչպես նաեւ բազկաթոռի կողքի բռնակները` արյան հետքերով: 

Ըստ բրիտանական պատմաբանի վարկածի` ապրիլի 27-ին Հիտլերը եւ Եվա Բրաունը գաղտնի թունելով դուրս են եկել բունկերից , այնուհետեւ գերմանացի օդաչու Փիթեր Բաումհարթը նրանց փոխադրել է Իսպանիա, որտեղից էլ նրանք սուզանավով Լատինական Ամերիկա են տեղափոխվել, որտեղ դեռեւս 1943 թվականին Մարտին Բորմանը նրանց համար ապաստան էր պատրաստել Անդերի ստորոտներում:
Ուիլյամսը կարծում է, որ Հիտլերը մահացել է 1962 թվականին եւ  իրենից հետո թողել 2 աղջիկ: Նա վստահեցնում է նաեւ, որ իբր ամերիկյան հատուկ ծառայություններն իմացել են, որ Հիտլերը ողջ է: