Դուբլինի Թրինիթի քոլեջի և Բաթի համալսարանի հետազոտողների մի խումբը հինգ տարի շարունակ եզակի ուսումնասիրություն է իրականացրել՝ հասկանալու համար, թե ինչպես են մարդիկ դավադրության տեսություններով հետաքրքրվելուց անցնում համապատասխան համայնքներում ակտիվ մասնակցության։ Այս մասին գրում է The Conversation-ը։
Պարզվել է, որ հիմնական մոտիվատորը ոչ թե իռացիոնալ մտածողության հակումն է, այլ ակտիվ համայնքին պատկանելու ցանկությունը և տեղի ունեցողի նկատմամբ վերահսկողության զգացումը։
Նախագծի մասնակիցները հանդիպել են հարյուրավոր մարդկանց, ովքեր տարված են եղել 5G-ի, COVID-19-ի, «15 րոպեանոց քաղաքների» և սահմանափակ երթևեկության գոտիների մասին տեսություններով։
Նրանք մասնակցել են առցանց քննարկումների, հանրային հանդիպումների, կոնֆերանսների և նույնիսկ բողոքի ակցիաների, որտեղ մարդիկ սոցիալական էներգիա և վստահություն են ստացել՝ քննարկելով, թե իրականում ով է կանգնած համաշխարհային գործընթացների հետևում։
Հետազոտողները առանձնացրել են ներգրավվածության երեք փուլ. սկզբում մարդը «զարթոնք» է ապրում. մի իրադարձություն, որը անվստահություն է առաջացնում պաշտոնական աղբյուրների նկատմամբ, հաճախ դա անձնական ողբերգություն է կամ իշխանությունների նկատմամբ հիասթափություն։
Հետո սկսում է գործել կոլեկտիվ իմաստը. խմբում քննարկվում են տեսությունները, դառնում են «մեր ընդհանուր ընկալումը» և թեժանում ընդհանուր զգացմունքներով։
Եվ վերջապես, սկսվում է ակտիվիզմը. մասնակիցը արդեն պարզապես դիտորդ չէ, նա մասնակցում է ակցիաներին, գրում է միջնորդագրեր և ազդեցություն է թողնում հասարակության վրա։
Միևնույն ժամանակ, համայնքը աջակցության և կարևորության զգացում է առաջարկւմ. «ուսումնասիրություն անելու» հնարավորությունը բարձրացնում է մասնակիցների ինքնագնահատականը: Նրանք ձեռք են բերում «փորձագետի» կարգավիճակ և իրենց ոգեշնչված ու կապված են զգում ուրիշների հետ՝ միավորող շարժման շրջանակներում:
Սակայն այս ուղին հաճախ ցավոտ հետևանքներ է ունենում։ Մասնակիցները կարող են օտարանալ ընկերներից և ընտանիքից, իսկ ոմանք նույնիսկ քրեական պատասխանատվության են ենթարկվում՝ բողոքի ցույցերին մասնակցելու համար։





























