«Ադրբեջանի՝ ուժի կիրառումից հրաժարվելը չի կարելի թերագնահատել»։ Այս մասին BBC-ին հայտնել է հայ պատմաբան և դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը, ում կարծիքը Հայաստանի կառավարությունը հաշվի է առնում։
«Այս սպառնալիքը որոշ ժամանակ կախված էր Հայաստանի վրա՝ անհանգստություն և անորոշություն առաջացնելով բնակչության և հնարավոր է, պոտենցիալ ներդրողների շրջանում», - կարծում է Լիպարիտյանը։
BBC-ին տված հարցազրույցում Ժիրայր Լիպարիտյանը նշել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Թրամփի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ կայացած արարողությունը կարող էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե ԱՄՆ-ն երաշխավոր է հետագա խաղաղ գործընթացում, սակայն ստորագրված փաստաթղթերում ոչինչ չի վկայում այդ մասին։
Հայ պատմաբան Լիպարիտյանը նշում է, որ ձեռք բերված պայմանագիրը Հարավային Կովկասին սուբյեկտայնություն է հաղորդում և այժմ անհրաժեշտ է ամրապնդել ձեռք բերված առաջընթացը, որպեսզի «Հարավային Կովկասը դառնա քաղաքական, այլ ոչ միայն աշխարհագրական հասկացություն»։ Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է Վրաստանի հետ միասին աշխատեն՝ թույլ չտալով, որ իրենց խաղաղության ճանապարհը խափանվի արտաքին ուժերի կողմից։
«Այլընտրանքը կլինի վերադարձը արտաքին մանիպուլյացիաների և վերսկսված հակամարտության դարաշրջանին, երբ [տարածաշրջանային երկրները] հանգում են ուրիշի խաղի խաղաքարերի դերի և դիտվում են բացառապես որպես երկրներ, որոնց միջով անցնում են խողովակաշարերը», - կարծում է Լիպարիտյանը։





























