Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալան Փերսելի հանդիպումը, որտեղ քննարկվել են միջազգային երթուղիների հեռանկարները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ակնկալիքով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը։

Կվրիվիշվիլին ասել է, որ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության համաձայնագրերը «նոր հնարավորություններ են բացել Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացման համար»։

«Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Միջին միջանցքի զարգացմանը՝ Չինաստանը և Եվրոպան կապող երթուղի, որը շրջանցում է Ռուսաստանը։ Այն Կասպից և Սև ծովերի նավային տերմինալները կապում է Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Լեհաստանի երկաթուղային ցանցերի հետ», - գրում է լրատվամիջոցը։

«Նրանք ընդգծեցին Վրաստանի դերը որպես տարածաշրջանային տարանցիկ նախագծերի հիմնական խաղացող, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը՝ որպես Եվրոպան և Ասիան կապող կայուն, անվտանգ և արդյունավետ երթուղի», - ասվում է Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ քննարկվել են նաև ենթակառուցվածքային ընթացիկ նախագծերը և «տնտեսական համագործակցության լայն շրջանակի հարցեր»։ Այս համատեքստում Կվրիվիշվիլին նշել է «երկկողմ ռազմավարական գործընկերության կարևորությունը», որը Վաշինգտոնը սառեցրել էր Ջո Բայդենի նախագահության վերջին օրերին, այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը հրաժարվել էր բանակցել ԵՄ անդամակցության շուրջ։

«Վրացական կողմը հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերակարգավորմամբ և ռազմավարական համագործակցության վերսկսմամբ», - նախարարի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դեսպանատունը հանդիպումից հետո կարճ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կողմերը քննարկել են «երկրների միջև տնտեսական կապերը և Վրաստանում ամերիկյան ընկերությունների համար ներդրումային միջավայրը»։