2012թ-ը, որը չինական օրացույցով սկսվում է հունվարի 24-ից, համարվում է Սեւ ջրային վիշապի տարի, եւ այն 2011 թվականի համեմատ ավելի լավ տարի է լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հոգեբան, աստղաբան Լյուսյա Հակոբյանը:
«Իսկ ինչո՞ւ սեւ, որովհետեւ չինացիների մոտ ջուրը խորհրդանշում են սեւով: Ինչ վերաբերում է քաղաքական կանխատեսումներին, քաղաքական դաշտում ջուրն այնքան է մաքրվելու, որ բոլոր կեղտերը դուրս գան ջրի երես եւ ջուրը զուլալվի: Խոսքը ընդհուպ 12 տարվա անարդարությունների, կեղծիքների բացահայտման եւ հաջորդելիք պատիժների մասին է»,- ասաց նա, նշելով, որ 2012-ի գույններն են սեւը, ոսկեգույնը եւ կապույտը:
Լյուսյա Հակոբյանի ներկայացմամբ, 2012-ին ավարտվում է պաշտոնյաների զավակների դարաշրջանը, սկսվում գիտելիքի եւ աշխատանքի գնահատման դարաշրջանը, սակայն տարին հիմնականում ղեկավարությանն է վերաբերում:
Քաղաքական կանխատեսումներին ծանոթանալու համար, նա առաջարկեց տեսնել, թե ինչ է սպասվում ջրի, օդի, հողի եւ կրակի տարերքների տակ ծնված քաղաքական գործիչներին:
Այսպիսով` Ջրի տարերքի ներքո ծնված (Խեցգետին, Կարիճ, Ձուկ) քաղաքական գործիչների համար 2012-ը մի քիչ դժվար տարի է լինելու, հատկապես ֆինանսական հարցերում, որը կվերաբերի, թե գրպանին, թե պետական գումարներին: Այն մարդիկ, ովքեր արել են ագահություն, կեղծիք, խաբեություն, կբացահայտվի ու ջուրը կտանի: Նրանք պետք է լինեն շատ զգույշ եւ մտածված` զուգորդելով աղոթքը, զղջումն ու ապաշխարհությունը:
Ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ջրի տարերքի ներքո է ծնված: Միգուցե նա էլ, ըստ Հակոբյանի, շատ հարցեր կբացահայտի, որը կապ ունի պետական ֆինանսների հետ:
Օդի տարերքի (Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս) ներքո ծնված քաղաքական գործիչները հույսները ոչ ոքի վրա չպետք է դնեն, մինչեւ անգամ դրսից օգնությունների եւ հարսզատներից աջակցության, ինչից հիասթափություն է առաջանալու, սակայն դա կնպաստի սեփական «ես»-ն էլ ավելի կայացնելու համար: 2012-ին նրանց համար դրսից ներդրումներ, օգնություն չեն լինի, իսկ դրսի ներդրողներին կվանեն այստեղի օրենքները: Օդի տարերքի ներքո է ծնվել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հողի տարերքի (Ցուլ, Կույս, Այծեղջյուր) ներքո ծնված քաղաքական գործիչների համար: Այս տարերքի ներքո են ծնվել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: 2012-ին ովքեր մինչ այդ հեռացել են քաղաքականությունից, այլեւս հետ չեն վերադառնալու: Իսկ այս նշանի տակ գտնվող կուսակցությունները, եթե վիճել են` կբարիշեն: Ընդհանուր առմամբ, հողի նշանի տակ ծնված քաղաքական գործիչերի համար վատ տարի չէ, բայց պետք է շատ աշխատեն եւ մեծ տեղ հատկացնեն հավատին:
2012թ-ն ավելի հաջող է համարվում Կրակի տարերքի (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր) ներքո ծնված մարդկանց համար: Այս տարերքի ներքո ծնված մարդկանց համար, տարին այդքան վատ չի անցնի: Բայց, քանի որ ընդհանուր ջրի նշանն է, ջուրը կարող է գալ եւ այդ կրակը հանգցնել եւ ամբողջությամբ թաքցված կեղծիքները հանել դուրս: Նայած թե կրակն իրեն ոնց կդրսեւորի: Կրակը բուռն է, հնարավոր է կատաղի, բայց ջուրը հանգստացնում է: Կրակի տարերքի ներքո ծնվածների համար նպատակային, ավելի շատ ստեղծագործական տարի է, սակայն ոչինչ չի կարելի չարաշահել, հղփանալ, ցուցադրել: Ցուցադրական լոպազություն կրակին չի կարելի, որովհետեւ ջուրը դա չի սիրում եւ կգա կմաքրի ու կտանի ամեն ինչ: Այս տարերքի ներքո է ծնվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ի դեպ, Լյուսյա Հակոբյանի խոսքով, ժամանակահատվածներ կան, որ չի կարելի պայմանագրեր կնքել: Օրինակ, նոյեմբերի 3-ից մինչեւ 24-ը կնքված պայմանագրերի ընթացքը նորմալ է, սակայն 24-ից սկսած պայմանագրերի հետեւանքները հետագայում, հնարավոր է բարեհաջող ընթացք չունենան: Դա այն ընթացքն է, երբ Մերկուրին հետ է շրջվում եւ հուշում, որ ոչ մի պայմանագիր չկնքել, քանի որ նույնիսկ կնքված պայմանագրերը հետընթաց են ունենալու: Իսկ նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 16-ը ով ընտրվել է, պաշտոն է զբաղեցրել, 6 ամիս հետո դուրս է գալու: Նույնիսկ ամուսնություններն են սխալ, քանի որ կարող են անբացատրելի ամուսնալուծության բերել: Անցյալի մինչեւ անգամ 12 տարվա առաջվա արած գործարքները, գործողություները արարքները դուրս է գալու ջրի երես եւ ամեն մարդ ստանալու է իր պատասխանը:
«Ճիշտ է մարդկային գործոնը լինելու է, բայց տիեզերքով է այդ ամենը պայմանավորված լինելու: Նույնիսկ Վանո Սիրադեղյանի հարցը կբարձրանա: Հիմնական հարվածը լինելու է ֆինասներին, թե պետական, թե անձնական գրպանին: Շատ -շատ հարցեր, որոնք կապ ունեն բանկերի հետ, վաշխառության հետ, եւս ջրի երես դուրս կգան: Ինչ վերաբերում է ընտրություններին, մարտի 1-ի նման ընդհարումներ չեն լինելու, պատերազմ չի լինելու, աշխարհի վերջ եւս չի լինելու: Լեւոն Տեր-Պետրոսյանը ու Սերժ Սարգսյանը պետք է գնան փոխզիջման: Սերժ Սարգսյանն ինչ-որ մի մեծ ժեստ պետք է անի հայ ազգի համար: Եթե այդ ժեստը կատարի, շատ հեշտ կընտրվի, եթե ոչ` դժվարություններ կառաջանան: Ընդհարումներ էլ կլինեն, բայց ոչ պատերազմ: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ էլ ընդհարումներ կլինեն, բայց իրենք իրենց տեղում կմնան պարզապես մի քանի գլուխներ կպակասեն: Այդ ընդհարումները մինչեւ սեպտեմբեր կտեւեն»,- նշեց Լյուսյա Հակոբյանը:
«ՀՀԿ-ի ներսում էլ մաղման գործընթաց տեղի կունենա: Առնետների պես այստեղ-այնտեղ կփախչեն: ԱԺ-ում ովքեր իրենց տեղում չեն, դուրս կգան, իսկ երիտասարդներին մեծ տեղ կհատկացվի ԱԺ-ում: Ի դեպ, 2012թ-ից սկսած անհատ բիզնեսմենների շրջանն էլ է վերանում, կամաց-կամաց մոնոպոլիային ու օլիգարխային վերջ կտրվի»,-ընդգծեց աստղաբանը, նշելով, որ ամեն ինչ կատարվում է աստղերի, մոլորակների, արեւի լույսնի տակ, բայց ամենից ուժեղը մարդն է` իր իմաստությամբ:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը



























