«Միլանի» եւ Շվեդիայի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը արժանացել է Իտալիայի Ա սերիայի առաջնության 2011թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակին (Oscar del Calcio):
Իբրահիմովիչն Իտալիայի ընթացիկ առաջնության 16 հանդիպումներում 14 գնդակ է խփել: Նույնքան գոլ էլ Իբրահիմովիչը խփել է անցած մրցաշրջանում` 29 խաղում:
Շվեդ ֆուտբոլիստը ստացել է նաեւ լավագույն օտարերկրացի ֆուտբոլիստի մրցանակը` առաջ անցնելով «Նապոլիի» ռմբարկու Էդինսոն Կավանիից եւ «Ինտերից» Մախաչկալայի «Անժի» տեղափոխված Սամուել Էտո`Օ-ից:
Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, որի գլխավորությամբ ակումբը նվաճեց 18-րդ չեմպիոնական տիտղոսը:
Տարվա լավագույն պաշտպանը «Միլանի» խաղացող բրազիլացի Տիագո Սիլվան է, լավագույն դարպասապահը` «Ուդինեզեի» սլովենացի խաղացող Սամիր Հանդանովիչը:
2011թ. լավագույն ակումբ է ճանաչվել «Ուդինեզեն», որն անցած առաջնությունում գրավեց 4-րդ տեղը, հաղորդում է football-italia.net-ը:
Oscar del Calcio-ի քվեարկությունն անցկացնում է Իտալիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան:



























