Մասաչուսեթս նահանգի սենատոր դեմոկրատ Ջոն Քերրին հունվարի 23-ին Սպիտակ տան ընդունելությանը հայտնվել է աչքի տակի կապտուկով եւ ուռած քթով: Ընդունելությունը կազմակերպվել էր Սթենլիի հոկեյի գավաթի նախորդ տարվա հաղթող «Բոսթոն Բրյուինզ» թիմի պատվին:

Սենատոր Ուիթնի Սմիթի մամուլի քարտուղարը լրագրողներին բացատրել է, որ Քերրին հոկեյ խաղալիս կոտրել է քիթը: Այլ մանրամասներ նա չի հայտնել: Քերրին եւս խուսափել է այդ թեմայով մեկնաբանություններ տալուց, հաղորդում է CBS ռադիոկայանը:

Ջոն Քերրին հոկեյով զբաղվել է միջնակարգ դպրոցում եւ քոլեջում ուսանելու տարիներին: Նախորդ տարի սենատորը մասնակցել է լոբբիստների դեմ օրենսդիրների բարեգործական խաղին, որից ստացված 100 հազար դոլարից ավելի եկամուտը փոխանցվել է  երիտասարդության շրջանում հոկեյի տարածմամբ զբաղվող կազմակերպության ֆոնդին: Այն ժամանակ սենատորի թիմը պարտվել էր 3:5 հաշվով:

Բայց Ջոն Քերիի կոտրած քիթը ընդունելության միակ անախորժությունը չէր: Թիմի անդամներից եւ հաղթանակի գլխավոր կերտող դարպասապահ Թիմ Թոմասը քաղաքական նկատառումներից ելնելով հրաժարվել է նախագահի հետ հանդիպումից: Պարզվում է, նա Հանրապետական կուսակցության կողմնակից է եւ չի սիրում դեմոկրատ Օբամային:

 «Ես կարծում եմ, որ ԱՄՆ Դաշնային կառավարությունը վերահսկողությունից դուրս է եկել եւ սպառնում է ժողովրդի իրավունքներին, ազատություններին եւ սեփականությանը, -ընդգծել է Թոմասը ակումբակիցների տարածած նամակում: -Քանի որ իմ տեսակետն այդպիսին է, ես, որպես ազատ քաղաքացի, կօգտվեմ Սպիտակ տուն չայցելելու իմ իրավունքից»: