Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հաղորդակցություն ունենալ մարդասիրական հարցերով, սակայն որևէ արձագանք չի ստացվել։ Այդ մասին «Սիվիլնոեթ»–ի «Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց անմիջապես հետո Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին՝ որպես ապաքաղաքական և անկախ մարմիններ, հաղորդակցություն ունենալ մարդասիրական և մարդու իրավունքներին առնչվող հարցերով։ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարից որևէ արձագանք այս առնչությամբ չի ստացվել։ Հրապարակման ենթակա նոր տեղեկատվության առկայության դեպքում այն կտրամադրենք լրացուցիչ»,- ասված է գրավոր պատասխանում։

ՄԻՊ գրասենյակից նաև հայտնեցին, որ Ադրբեջանում ապօրինաբար ազատությունից զրկված հայերի իրավունքներին առնչվող հարցերն ու առկա մտահոգությունները պարբերաբար հասցեավորվում ու քննարկվում են ՀՀ իրավասու պետական մարմինների հետ։

Մանդատի սահմանափակումներ և Կարմիր խաչի բացակայության հանգամանքը

Գրասենյակից հիշեցրին, որ Պաշտպանի մանդատն այս հարցում սահմանափակ բնույթ ունի։ Մասնավորապես, նա իրավասու չէ պետության անունից բանակցություններ վարել, միջազգային դատական ատյաններում վարույթներ հարուցել կամ այլ պետության մարմինների կողմից իրավունքների խախտումներ արձանագրել։

Պաշտպանը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի գործունեության դադարեցման կապակցությամբ։ Նշվում է, որ դա, այլընտրանքային արդյունավետ կառուցակարգերի բացակայության պայմաններում «կարող է ռիսկեր պարունակել բոլոր, այդ թվում՝ հիշատակված հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից»։

Գերիների ընտանիքների խնդիրների հասցեագրումը

ՄԻՊ-ից հայտնում են, որ ընտանիքներն իրենց հարազատների հիմնարար իրավունքների վերաբերյալ մտահոգություններից բացի (կյանքի, առողջության պահպանման, խոշտանգումների բացարձակ արգելքի իրավունքի ապահովման և այլն), դիմել են նաև սոցիալական աջակցություն և իրավական տարբեր հարցերով խորհրդատվություններ ստանալու համար։

«Եթե հարցը վերաբերելի է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին, խնդիրն անմիջապես հասցեավորվում է և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։ Դիմումներից մեկի քննարկման արդյունքում, օրինակ, պետական իրավասու մարմնի հետ համագործակցությամբ հարցն արագ կարգավորվել է և ընտանիքը դարձել է սոցիալական աջակցության միջոցառման շահառու, մեկ այլ դեպքում ՄԻՊ աջակցությամբ տրամադրվել է բժշկական օգնություն ու սպասարկում և այլն։ Մի շարք դեպքերում ընտանիքների ներկայացրած մտահոգություններն անմիջապես հասցեավորվել են միջազգային ոլորտային կազմակցություններին»,- ասված է գրավոր պատասխանում։

Տեղական և միջազգային համագործակցություն

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ չնայած մանդատի շրջանակներում առկա սահմանափակ գործիքներին՝ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված հայերի իրավունքներին վերաբերելի խնդիրները Պաշտպանը պարբերաբար ներկայացրել և շարունակում է ներկայացնել թե՛ միջազգային գործընկերների, թե՛ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումների և քննարկումների շրջանակներում։ Աշխատանքները կրում են պարբերական բնույթ։

Ըստ պատասխանի՝ ինչպես Վիգեն Էուլջեքչյանի, այնպես էլ ազատությունից զրկված մյուս անձանց պարագայում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է տարբեր աղբյուրների, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում։ Արդյունքում արձանագրված տեղեկատվությունը, ընտանիքների կողմից Պաշտպանին հասցեագրվող դիմումներում բարձրացվող մտահոգությունների հետ մեկտեղ, հատուկ ուսումնասիրվում ու հասցեավորվում է գործընկեր միջազգային դերակատարներին։

«Պաշտպանը միջազգային գործընկերներին պարբերաբար կոչ է անում գործի դնել անհրաժեշտ ամբողջ գործիքակազմերը՝ ապահովելու ապօրինի պահվող հայերի հիմնարար իրավունքները, աջակցելու միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմանն ու բոլորի վերադարձին։ Հաշվի առնելով հարցի զգայունությունը, նշված հարցով Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի սահմանափակ բնույթը, Պաշտպանի աշխատակազմի «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը, ինչպես նաև ոլորտային միջազգային կառույցների գործունեության խորհրդապահական բնույթը՝ վերոնշյալ գործընթացների բովանդակությունը, որպես կանոն, չի ներկայացվում հրապարակային»,- հայտնել են Պաշտպանի գրասենյակից։

Ըստ աղբյուրի՝ ՄԻՊ-ը բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների պարբերաբար է հասցեավորում Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր հայերի իրավունքներին առնչվող խնդիրները (օրինակ՝ GANHRI, ENNHRI, ICRC, Freedom House, Amnesty International, Human Right Watch, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգեր, մի շարք երկրների օմբուդսմանական հաստատություններ և այլն)։ Բացի այդ, խնդիրը ներկայացվում է ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանություններին և ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններին (օրինակ՝ ՄԱԿ, ԵԽ երևանյան գրասենյակ և այլն)։ Նշվում է նաև, որ խնդրի առնչությամբ անընդհատ հաղորդակցություն է վարվում նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի և այլ դերակատարների հետ՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելով խնդիրներին և ընդգծելով, որ ոլորտում մանդատ ունեցող դերակատարները պետք է առավել ակտիվ, շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդիրը լուծելու ուղղությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: