Նիկոլա Սարկոզիի որդի Պիեռը Օդեսայում հիվանդանոց է տեղափոխվել: Նրան հիվանդանոց են տարել «Չայկովսկի» ակումբի մասնավոր խնջույքից հետո, որտեղ դիջեյություն է արել, հայտնում է տեղի «Դումսկայա» հրատարակչությունը:
Խմբագրության տվյալներով` նա այժմ գտնվում է բժշկական հաստատությունում` Ուկրաինայի անվտանգության ուժերի ուժեղացված հսկողության ներքո:
Նախնական վարկածով` Ֆրանսիայի ղեկավարի որդին կարող էր թունավորվել ռեստորանում, որտեղ գնացել է ակումբը լքելուց հետո: Սակայն, հետազոտության արդյունքների համաձայն, Պիեռը վատառողջ է եղել դեռեւս նախօրեին, երեկոյան ժամը 10-ից: Կազմակերպիչների խոսքով` նա ռեստորան է գնացել շատ ավելի ուշ եւ ալկոհոլ չի օգտագործել, հաղորդում է LifeNews-ը:
Սպասվում է, որ այսօր Սարկոզի կրտսերի հետեւից ինքնաթիռով բժիշկներ կժամանեն եւ նրան կտանեն Ֆրանսիա:
Միաժամանակ, ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Վոլոշինը գործակալությանը հայտնել է, որ «առաջին անգամ է լսում Ֆրանսիայի նախագահի որդու օդեսյան շրջագայության մասին»:
Պիեռը ծնվել է 1985թ.` Մարի-Դոմինիկ Կյուլոլիի հետ Սարկոզիի առաջին ամուսնությունից: Երիտասարդը հայտնի դեմք է Ֆրանսիայի երաժշտական աշխարհում եւ հաճախ շրջագայում է աշխարհով մեկ:



























