Հնագետների և գենետիկների միջազգային թիմը հետազոտություն է անցկացրել, որը լույս է սփռում Կենտրոնական Մոնղոլիայի սոցիալական կազմակերպման և միգրացիոն գործընթացների վրա՝ ուշ բրոնզեդարում (մ․թ․ա․ 1500–1000 թթ.)։
Հետազոտություններն իրականացվել են Կենտրոնական Մոնղոլիայում գտնվող Մայխան Տոլգոյի գերեզմանատանը և ներառել են հնագույն ԴՆԹ-ի, հնագիտական տվյալների և հուղարկավորության ծեսերի վերլուծություն։
Արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Գիտնականները պարզել են, որ այդ ժամանակահատվածում Մոնղոլիայի տարածքում բնակվել են քոչվոր հովիվների գենետիկորեն և մշակութային առումով երկու տարբեր խմբեր։ Մի խումբը զբաղեցրել է երկրի հարավային և հարավ-արևելյան, իսկ մյուսը՝ արևմտյան և կենտրոնական շրջանները։
Այս խմբերը շփվել են Օրխոնի հովտում, որտեղ նույնիսկ օգտագործել են նույն ծիսական վայրերը թաղումների համար։ Սակայն նրանց հուղարկավորության ծեսերը զգալիորեն տարբերվել են․ արևմտյան խումբը մահացածներին թաղել է՝ մարմինները կողմնորոշելով դեպի հյուսիս-արևմուտք, իսկ արևելյանը՝ դեպի հարավ-արևելք։
Թաղումների կառույցները նույնպես տարբերվել են․ արևմտյան խումբը կառուցել է քարե դամբարաններ, իսկ արևելյանը՝ պատկերավոր քարե գերեզմաններ։
Հետաքրքիր է, որ չնայած հարևանությանը և ընդհանուր ծիսական վայրերին՝ այս երկու խմբերը պահպանել են գենետիկ մեկուսացում մոտ 500 տարի շարունակ։ Այս բացահայտումը հնագիտության մեջ հազվագյուտ օրինակ է տալիս, երբ կարելի է հետևել սոցիալական նորմերի, ինչպիսիք են ամուսնության կանոնները, ազդեցությանը բնակչության գենետիկ կառուցվածքի վրա։
Վաղ երկաթի դարի սկզբին (մ․թ․ա․ 1000–300 թթ.) հին ավանդույթներին փոխարինել է տապանաքարային գերեզմանների մշակույթը։ Թաղման այս նոր ավանդույթը տարածվել է արևելքից արևմուտք և գրեթե դուրս մղել արևմտյան խմբի նախկին սովորույթները։ Գենետիկ վերլուծությունը ցույց է տվել, որ նոր թաղումները քիչ ընդհանրություն ունեն նախկինում գերակշռող արևմտյան խմբերի հետ, ինչը վկայում է նոր բնակչության զգալի ներհոսքի մասին։