Էստոնիայի իշխանությունները մտադիր են խորհրդարան ներկայացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք զգալիորեն կբարձրացնեն էստոներենի չիմացության համար նախատեսված տուգանքները ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար, միաժամանակ կխստացնեն լեզվի քննությունը հանձնելու պահանջները: Նախագծի մասին հայտնել է ERR պետական ​​հեռարձակողը:

Նշվում է, որ Էստոնիայի կառավարությունը մտադիր է մոտ ապագայում փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում: Ընդունվելուց հետո անհատների համար առավելագույն տուգանքը կկազմի 1280 եվրո, իսկ ձեռնարկությունների համար՝ 9600 եվրո: Ներկայում առավելագույն տուգանքը 640 եվրո է, սակայն միջինը ցածր է՝ մոտ 100 եվրո: Իշխանությունները նախատեսում են նաև 50 եվրո վճար սահմանել լեզվի քննությանը մասնակցելու համար, եթե այն հանձնվի երկու անգամից ավելի:

«Օրինագծի ամենակարևոր կողմը լեզվական պահանջների պահպանման վերահսկողության ուժեղացումն է, դրանց թվում՝ տուգանքների ավելացումը: Հուսով ենք, որ բարձր տուգանքները կխրախուսեն մարդկանց ավելի շատ ջանքեր գործադրել լեզուն սովորելու համար»,- ըստ պորտալի՝ հայտարարել է հանրապետության կրթության նախարարության ներկայացուցիչ Կյատլին Կյովերիկը:

Ըստ Կյովերիկի՝ օրենքի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ոչ ոք մեծ տուգանքի չի ենթարկվի։ «Սկզբում նրանք կստանան նախազգուշացում, և եթե «անհատը կամ կազմակերպությունը վեց ամսվա կամ մեկ տարվա ընթացքում որևէ գործողություն չձեռնարկի, կարող են տուգանքներ կիրառվել»,- հավելել է նա։ Միևնույն ժամանակ, Էստոնիայի լեզվի խորհրդի ղեկավար Իլմար Տոմուսկը նշել է, որ տուգանքը, ի տարբերություն գների և աշխատավարձերի, տարիներ շարունակ չի փոխվել։ Տոմուսկը հավելել է, որ «տուգանքների գաղափարը մանկավարժական է. դրանք պետք է կանխարգելիչ լինեն»։ Միջոցառումները հիմնականում վերաբերում են սպասարկման ոլորտի աշխատողներին՝ տաքսու վարորդներին, վաճառողներին և մատուցողներին։