Բրիտանական BP ընկերությունը մինչև 25 միլիարդ դոլար կներդնի Իրաքի Քիրքուք քաղաքում նավթի և գազի մշակման նախագծերում, հաղորդում է Reuters-ը։

Համաձայնեցված պայմանագրի համաձայն ածխաջրածինների արդյունահանման սկզբնական ծավալը սահմանվել է օրական 328 հազար բարել մակարդակում։ Այս ցուցանիշը «նշանավորում է պայմանագրի գործողության սկիզբը և ցանկացած աճ այս մակարդակից դուրս կհասցվի շահագործման աշխատանքների միջոցով», հայտարարել է Իրաքի փոխվարչապետ, նավթի նախարար Հայան Աբդել Ղանին։

Ըստ համաձայնագրի պայմանների՝ BP-ն (British Petroleum) կաշխատի իրաքյան պետական «North Oil Company (NOC)» և «North Gas Company (NGC)» ընկերությունների հետ՝ Քիրքուքի հանքավայրի Բաբա և Ավանա բլուրներում, ինչպես նաև հարակից երեք հանքավայրերում՝ Ջամբուրում, Բայ Հասանում և Հաբազում արդյունահանումը վերականգնելու և ընդլայնելու ուղղությամբ։

Ըստ ոլորտի աղբյուրների տեղեկությունների՝ վաղ փուլում գտնվող ծրագրի իրականացմանը կնպաստի Քիրքուք-Ջեյհան նավթամուղով մատակարարումների վերսկսումը։ Իրաքի ամենամեծ նավթամուղը, որը կապում է Քիրքուքի հանքավայրերը Թուրքիայի հետ, ունի 970 կմ երկարություն։