«Միջանցք» տերմինն օգտագործելով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը ակնհայտորեն այն չեն կապել մեկ այլ՝ այսպես կոչված Հորադիզ-Զանգելան երթուղու հետ։ Այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ընդդիմադիր պատգամավոր եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ Անկարան եւ Բաքուն «Զանգեզուրի միջանցքով» ասելով նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը։
Այսպես կոչված միջանցքի տրամաբանությունը, նրա խոսքով, միշտ քննարկվել է Ադրբեջանը եւ Նախիջեւանը ՀՀ ինքնիշխան տարածքով կապելու համատեքստում։
«Փաշինյանի ներկայացրած արդարացումներն ու բացատրություններն ինձ համար լիովին անտրամաբանական են թվում։ Ավելին, կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է հստակ նշի, թե ինչի մասին է խոսքը, քանի որ այս տերմինը շրջանառության մեջ են մտցրել Բաքուն եւ Անկարան»,- ասել է Աբրահամյանը։





























