Հնէաբաններն ուսումնասիրել են Անգլիայի հարավային ափի Դորսեթ քաղաքում գտնվող հին ծովային գիշատչի զարմանալիորեն լավ պահպանված կմախքը։
Եզակի գտածոյի մասին հոդվածը հրապարակվել է «Papers in Palentology» ամսագրում։
Իխտիոզավրի այս նոր տեսակն անվանվել է Xiphodracon goldencapsis, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «սուր-վիշապ»։ Այն իր «ոսկե» անվանումը ստացել է Golden Cap ժայռերի պատվին, որտեղ հայտնաբերվել է։
Տարիքով մեծ առանձնյակի երկարությունը հասնում էր մոտ երեք մետրի, նրա երկարավուն դունչը նման էր սրի շեղբի, այստեղից էլ՝ անվանումը։ Չնայած ոսկորները հայտնաբերվել են դեռեւս 2001թ․, գիտնականները միայն վերջերս են ավարտել գտածոյի լիարժեք ուսումնասիրությունը։ Կմախքը գրեթե ամբողջական է՝ հազվադեպ բան 190 միլիոն տարեկանից բարձր տեսակների համար։
Հայտնագործությունն օգնել է լույս սփռել ծովային սողունների էվոլյուցիայի ամենաառեղծվածային փուլերից մեկի վրա։ Յուրայի դարաշրջանի սկզբում տեղի է ունեցել խոշոր անցում. հին իխտիոզավրերի տեսակներն անհետացել են՝ փոխարինվելով նոր, ավելի զարգացած ձեւերով։ Մինչ օրս գիտնականները չէին հասկանում, թե ինչպես է տեղի ունեցել այս անցումը։ Սակայն Xiphodracon goldencapsis-ը ցույց է տվել, որ մի քանի տեսակներ կարող էին համակեցության մեջ լինել՝ կապելով հին եւ ավելի զարգացած սերունդներին։
Հին գիշատչի ոսկորների վրա պահպանվել են կծածի հետքեր եւ ատամների դեֆորմացիաներ. այն, հավանաբար, ենթարկվել է ավելի մեծ մրցակցի հարձակմանը կամ տառապել է հիվանդությունից։ Այս մանրամասները դրամատիկ են եւ հիշեցնում են, որ մեզոզոյան օվկիանոսներում կյանքը պակաս դաժան չի եղել, քան ժամանակակից աշխարհում։
«Սուր-վիշապի» մնացորդներն այժմ տեղափոխվել են Օնտարիոյի թագավորական թանգարան, որտեղ գտածոն արժանի տեղ կգրավի Յուրայի դարաշրջանի ծովային սողունների ամենահազվագյուտ նմուշների շարքում:




























