Նոր Օռլեանի պատմական Քարոլթոն թաղամասում ամուսիններ Դանիելա Սանտորոն եւ Ահարոն Լորենցն իրենց այգում հայտնաբերել են անսովոր քար։ Պարզվել է, որ այն մոտավորապես 1 900 տարվա հնության հռոմեական տապանաքար է, հաղորդել է Live Science-ը։

Սկզբում նրանք այն 19-րդ դարի հուշարձան են համարել, սակայն Նոր Օռլեանի համալսարանի հնագետ Դ. Ռայան Գրեյը հաստատել է, որ դա մ.թ. II դարի իսկական արտեֆակտ է։

Լատինատառ մարմարե սալիկի վրա գրված է. «Մահացածների հոգիներին՝ Սեքստուս Կոնգենիուս Վերուս, Միզենումի պրետորիանյան նավատորմի զինվոր, բես ցեղից, որն ապրել է 42 տարի, որից 22-ը ծառայել է բանակում՝ «Ասկլեպիոս» եռանավի վրա։ Նրա ժառանգորդներ Ատիլիուս Կարուսը եւ Վետիուս Լոնգինուսը կանգնեցրել են այն՝ ի նշան հարգանքի»։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս սալիկը նախկինում գտնվել է Հռոմից հյուսիս-արեւմուտք գտնվող Չիվիտավեկիա հին նավահանգստային քաղաքի տարածքում։ Այն կորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ դաշնակիցները ոչնչացրել են թանգարանը, որտեղ այն գտնվում էր։ Անհասկանալի է, թե ինչպես է արտեֆակտը հայտնվել Միացյալ Նահանգներում, բայց ենթադրվում է, որ այն կարող է մաքսանենգ ճանապարհով տեղափոխված լինել զինվորի կողմից կամ անօրինական կերպով ձեռք բերված լինել պատերազմից հետո։

Սանտորոն եւ Լորենցը ներկայում աշխատում են ԱՄՆ եւ Իտալիայի իշխանությունների հետ՝ տապանաքարը հայրենիք վերադարձնելու համար։ Այս հայտնագործությունը հարցեր է բարձրացնում մշակութային արժեքների տեղափոխման եւ սիրողական հնագիտական ​​​​գտածոների կարեւորության վերաբերյալ՝ պատմական ժառանգության պահպանման գործում։