Գիտնականները նախազգուշացնում են, որ ուսուցիչների վրա աճող ճնշումը դպրոցական պարտադիր ծրագրերին համապատասխանելու իմաստով՝ լրջորեն խանգարում է նրանց եւ հանգեցնում մասնագիտությունից հեռանալուն։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Curriculum Journal ամսագրում։
Էքսետերի համալսարանի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել. ուսուցիչները գնահատում են կրեատիվություն դրսեւորելու, համագործակցելու եւ դասեր ձեւավորելու հնարավորությունը։ Սակայն դպրոցը կամ կառավարող կառույցներն ավելի հաճախ են պահանջում խստորեն հետեւել նախատեսված քաղաքականությանը, ինչն ուսուցիչներին զրկում է ազատությունից եւ մոտիվացիայից։
Այդպիսի պահանջների պատճառով ուսուցիչները կորցնում են ուսումնական դասընթացը կազմակերպելու հմտությունները, նվազում է ինքնուրույնությունն աշխատանքում, վատանում են գործընկերների միջեւ հարաբերությունները եւ աշակերտների հետ կապերը։ Հատկապես ծանր է այն պայմաններում, երբ պահանջվում են առաջադիմության խիստ ստանդարտներ եւ ուժեղ վերահսկողություն ղեկավարության կողմից։
Հարցազրույցներն անգլիացի 15 փորձառու (ավելի քան 20–25 տարվա ստաժ ունեցող) ուսուցիչների հետ, հատկապես անբարենպաստ սոցիալական վիճակ ունեցող դպրոցներում, հաստատել են. նման քաղաքականությունները սահմանափակում են փոփոխություններ մտցնելու, դասերն աշակերտներին հարմարեցնելու եւ իրենց պրոֆեսիոնալ զգալու նրանց հնարավորությունները։
Գիտնականներն ընդգծում են, որ չնայած կարճաժամկետ հեռանկարում միասնական, կենտրոնացված մոտեցումը կարող է ջանքեր խնայել, երկարաժամկետ հեռանկարում դա կհանգեցնի «վարպետության կորստի»։ Լավ ուսուցիչները հեռանում են, երիտասարդները չեն սովորում կրեատիվ լինել եւ ինքնուրույն որոշումներ կայացնել։




























