Ըստ նոր հետազոտության՝ Եվրոպան կարող է տարեկան ավելի քան մեկ միլիոն տոննա կարևոր նյութեր հանել էլեկտրոնային թափոններից, գրում է Interesting Engineering-ը։
Այս «քաղաքային ոսկու հանքը» թաքնված է դեն նետված էլեկտրոնիկայի մեջ, որը հաճախ անտեսվում է որպես արժեքավոր ռեսուրս։
Եվրամիության կողմից ֆինանսավորվող FutuRaM կոնսորցիումի հրապարակած հետազոտությունը ներառում է էլեկտրոնային և էլեկտրական սարքավորումների հոսքը՝ վաճառքից մինչև դրանց կյանքի ցիկլի ավարտը Եվրամիության 27 երկրներում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում։
2022 թվականի ընթացքում Եվրոպան արտադրել է մոտավորապես 10,7 միլիոն տոննա էլեկտրոնային թափոն՝ մոտավորապես 20 կգ մեկ շնչի հաշվով։ Այդ թափոնների 54%-ը պաշտոնապես վերամշակվել է, մինչդեռ 46%-ը անհետացել է անօրինական կամ ավելի քիչ կարգավորվող ուղիներով՝ ուղարկվելով աղբավայրեր, այրման կամ խառը մետաղի ջարդոն։
Պաշտոնապես մշակված թափոններից վերականգնվել է մոտ 400 հազար տոննա կարևոր նյութեր՝ մետաղական և կիսահաղորդչային տարրեր, մասնավորապես՝ պղինձ, ալյումին, սիլիցիում (կրեմնիում), վոլֆրամ և պալադիում: Ըստ կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը էլեկտրոնային թափոնների ծավալը կաճի մինչև տարեկան 12,5-19 միլիոն տոննա, իսկ դրանցում կարևոր նյութերի ծավալը կհասնի տարեկան 1,2-1,9 միլիոն տոննայի։
Եվրոպական իշխանությունները այդ նպատակներին հասնելու համար նախատեսում են իրականացնել հինգ կետից բաղկացած ռազմավարություն՝ թափոնների հավաքման ավելացում, սարքավորումների հեշտ ապամոնտաժման համար նախագծման պարզեցում, ամենաբարձր նյութական արժեք ունեցող տարրերի վրա կենտրոնացում, վերամշակման հզորության ավելացում և քաղաքականության մեջ տնտեսական խթանների համապատասխանեցում: Դա դիտվում է ոչ միայն որպես բնապահպանական հրամայական, այլև որպես աշխարհաքաղաքական ռազմավարության մի մաս՝ ներմուծվող կարևոր նյութերից կախվածության նվազեցում:





























