ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին դատական հայց է ներկայացրել The New York Times (NYT)-ի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլար զրպարտության համար, հաղորդել է The Washington Post-ը։
Անցյալ ամիս, հիշեցրել է թերթը, դաշնային դատավորը «մերժել էր սկզբնական հայցը եւ կտրուկ քննադատել դատական հայտարարության քաղաքական տոնը»։ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի օկրուգային դատարան ներկայացված փոփոխված հայցը շեշտադրել է NYT-ի, նրա երեք լրագրողների եւ Penguin Random House հրատարակչատան երեք թղթակիցների հայտարարությունները։ Թրամփի փաստաբանները դրանք անվանել են «չարամիտ, զրպարտչական եւ նսեմացնող»։
Խոսքը Թրամփի գործնական նվաճումների եւ նրա հարստության ծագման վերաբերյալ մեղադրանքների մասին է, որոնք ներկայացված են Lucky Loser (2024) գրքում, որը գրվել է New York Times-ի հետաքննող լրագրողներ Սյուզան Քրեյգի եւ Ռաս Բյութների կողմից, ինչպես նաեւ NYT-ի տարբեր հոդվածներում։
WP-ի տվյալներով՝ ԱՄՆ օկրուգային դատավոր Սթիվեն Մերիդեյը, որը նշանակվել է Ջորջ Բուշ ավագի (1924-2018) կողմից, մերժել է Սպիտակ տան ղեկավարի նախնական բողոքը՝ «բառացիորեն ոչնչացնող» որոշմամբ։ Մերիդեյը 85 էջանոց նախնական բողոքը հայտարարել է «ակնհայտորեն անտեղի եւ անընդունելի»՝ նշելով, որ այն ավելի շատ նման է քաղաքական սկանդալի, քան լուրջ իրավական միջնորդության։ Դատավորի որոշման համաձայն՝ ցանկացած վերանայված հայց չպետք է գերազանցի 40 էջը։





























