Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին մեղադրանք է ներկայացվել, տեղեկացրել է BBC-ն։

26 էջանոց մեղադրական եզրակացության համաձայն՝ Բոլթոնին ներկայացվել է ութ մեղադրանք ազգային պաշտպանությանը վերաբերող տեղեկատվության փոխանցման եւ 10 մեղադրանք այդ տեղեկատվության ապօրինի պահման համար։

Դատախազները, մասնավորապես, նրան մեղադրում են ազգային պաշտպանության վերաբերյալ հույժ գաղտնի տեղեկատվության անօրինական փոխանցման մեջ՝ անձնական էլեկտրոնային փոստի օգտագործմամբ։

Բոլթոնն ինքը մերժում է մեղադրանքները եւ ասում, որ դրանք արտացոլում են «ընդդիմախոսներին վախեցնելու Թրամփի ինտենսիվ ջանքերը»։

«Ես անհամբերությամբ սպասում եմ պայքարելու հնարավորությանը, որպեսզի պաշտպանեմ իմ օրինական գործողությունները եւ մերկացնեմ նրա կողմից իշխանության չարաշահումը»,- հայտնել է նա։