Հնագետները կենտրոնական Իտալիայի Մեցանո լճի հատակին հայտնաբերել են բրոնզե դարի բնակավայրի (որը մոտ 3 000 տարեկան է) մնացորդներ։ Այս հայտնագործությունը լույս է սփռում մ.թ.ա. 1700-1150թթ․ տարածաշրջանում բնակված մարդկանց կյանքի վրա, գրել է «Popular Mechanics»-ը։

Ստորջրյա պեղումների ժամանակ հետազոտողները հայտնաբերել են ավելի քան 600 փայտե սյուներ, որոնք պահել են այդ ժամանակաշրջանին բնորոշ ձողերով կառույցները։ Այդ սյուները գտնվում էին 2,5-10 մետր խորության վրա եւ ծածկված էին կավի խիտ շերտով, ինչը նպաստել է այն բանին, որ գտածոները գերազանց են պահպանվել։

Բրոնզե արտեֆակտներ, այդ թվում՝ կացիններ, նիզակների ծայրեր, ճարմանդներ, մատանիներ, մանգաղներ եւ բրոնզե ձուլակտորներ, հայտնաբերվել են կավի շերտի տակ, ինչը վկայում է բնակավայրում մետաղագործական արհեստանոցների գոյության մասին։

Որոշ բրոնզե առարկաներ ունեն հրդեհի հետքեր, ինչը վկայում է հնարավոր հրդեհի մասին, որի հետեւանքով առարկաները նետվել են ջուրը կամ անտերության են մատնվել փայտե կառույցների ոչնչացումից հետո։ Բացի այդ, որոշ տեղերում հայտնաբերվել են քարեր, որոնք, հավանաբար, հին սողանքի մնացորդներ են, ինչը եւս մեկ շերտ է ավելացնում այս տարածաշրջանի պատմության մեր ըմբռնման վրա։

Հայտնագործությունը նշանակալի ներդրում է հին Իտալիայի պատմության եւ ստորջրյա հնագիտության ուսումնասիրության մեջ՝ ինքնատիպ պատկերացում տալով բրոնզե դարի մարդկանց կյանքի եւ տեխնոլոգիաների մասին։