Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի և հանձնաժողովի անդամների հետ, հաղորդում է Գրուզիա Օնլայնը։
Հանդիպմանը նշվել է Վրաստանի և Հայաստանի օրենսդիր մարմինների միջև արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև փոխադարձ այցելությունների դրական դինամիկան։ Ընդգծվել է մասնագիտացված հանձնաժողովների միջև հաճախակի փոխանակումների կարևորությունը։
Շալվա Պապուաշվիլին կարևորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը «Մետաքսի ճանապարհ» հինգերորդ Թբիլիսյան ֆորումին, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Վրաստան։
Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Շալվա Պապուաշվիլիին հոկտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ տարբեր միջազգային հարթակներում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Նշվել է, որ տարածաշրջանային խաղաղությունը զգալի օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երեք երկրներին։ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը միշտ հանդես է եկել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ջատագով և ընդգծել է, որ ընթացիկ գործընթացները նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանային զարգացման համար։
Հանդիպմանը մասնակցել է նաև Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի կոմիտեի նախագահ Մարիամ Լաշխին։




























