Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հետ քննարկումներին:

«Դրանք վերաբերում են շատ տարբեր հարցերի, օրինակ՝ սահմանազատման, սահմանագծման օրակարգով պարոն Գրիգորյանն է աշխատում, ԱԳՆ-ն համապատասխանաբար իրենց օրակարգով է աշխատում, Անվտանգության խորհուրդը և Արմեն Գրիգորյանն իր գործընկերոջ հետ են աշխատում: Երբ արդյունքները լինում են, մենք դրանց մասին խոսում ենք, և կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործընթացում, հարաբերություններում, վատը չէ։

Օրինակ՝ Ադրբեջանի կողմից իր մասով հայկական բեռների տեղափոխման շրջափակման արգելքի հանումը»,–ասաց նա։

Հարցին՝ այդ շփումների ժամանակ արդյո՞ք ցավոտ հարցերը քննարկվում են, օրինակ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի, Արևմտյան Ադրբեջանի թեմաները, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Դուք ընդհանրապես չհոգնեցի՞ք այդ թեմաներից։ Եվ մենք ենք մեր կարծիքը ասել, և իրենք են իրենց կարծիքը ասել։ Կան ստորագրված փաստաթղթեր, այդ փաստաթղթերում շատ հստակ եզրույթներ, տեղանուններ, անվանումներ, ինչի՞ եք անընդհատ ավելորդ լարվածություն ստեղծում»։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, նա ընդգծեց, որ երկկողմ շփումներում այդ հարցը անընդհատ կա և պետք է փորձեն ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի օր առաջ այդ փաստաթուղթը ստորագրվի։