ԱՄՆ Արեւելյան ափին մի քանի օդանավակայաններում թռիչքների ուշացումներ եւ ժամանակավոր դադարներ են գրանցվել՝ կապված դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման հետ։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը։

Օռլանդոյի միջազգային օդանավակայանում թռիչքների ուշացումները միջինը կազմել են 2 ժամ 40 րոպե, նշել է թերթը։ Որոշ չվերթներ հետաձգվել են 12 ժամ, իսկ մի քանիսը չեղարկվել են։ Օդային երթեւեկության կառավարման անձնակազմի պակասի պատճառով Նյու Յորքի Ջոն Ֆ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայանը որոշ չվերթների համար դադարեցրել է թռիչքները։ Վաշինգտոնում Ռոնալդ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանում հոկտեմբերի 30-ի կեսօրին եւ երեկոյան թռիչքների կասեցումներ են գրանցվել։

Ավելի վաղ, տրանսպորտի նախարար, Ազգային օդագնացության եւ տիեզերական վարչության (NASA) տնօրենի պաշտոնակատար Շոն Դաֆին զգուշացրել էր, որ ԱՄՆ քաղաքացիները կարող են բախվել թռիչքների շղթայական ուշացումների ամբողջ երկրում՝ շաթդաունի պատճառով օդային երթեւեկության կարգավարների եւ տեխնիկների պակասի պատճառով։ Պաշտոնյան բացատրել է, որ ավիակարգավարները չեն ստանում իրենց աշխատավարձը եւ չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքներին։

ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերից՝ ֆինանսավորման պակասի պատճառով։ Այն տեղի ունեցել, քանի որ Կոնգրեսում իշխող Հանրապետական ​​եւ ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ մի շարք ծախսերի վերաբերյալ, այդ թվում՝ առողջապահական։ Նրանք դեռեւս չեն կարողանում հասնել պայմանավորվածության։ Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց մեղադրում են շաթդաունը հրահրելու եւ քաղաքական նպատակներով այն երկարաձգելու մեջ։

1977-ից ի վեր դաշնային կառավարության ֆինանսավորումը խափանվել է ավելի քան 20 անգամ՝ վարչակազմի եւ Կոնգրեսի միջեւ տարաձայնությունների պատճառով։ Ամենաերկար ժամանակահատվածը 35 օր էր՝ 2018թ․ դեկտեմբերի 22-ից մինչեւ 2019թ․ հունվարի 25-ը (Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում)։