Շատ է խոսվում հայրենական տնտեսության զարգացմանը պետության աջակցության  մասին, մյուս կողմից էլ հաճախ  ընդունվում են այդ զարգացումն արգելակող որոշումներ: Նման քաղաքականության վերջին օրինակը կապված է հունվարի 1 -ից ԱՏԳ  ԱԱ  271019810 կոդով շարժիչային յուղի նկատմամբ ակցիզային հարկի կիրառմամբ:

Այս ապրանքատեսակի նկատմամբ կկիրառվի նրա մաքսային արժեքի 10% -ի չափով ակցիզային հարկ, սակայն 1 կգ-ի համար ոչ պակաս, քան 400 դրամ:

Թվում է, սովորական որոշում է,  սակայն այն ստորջրյա ոչ քիչ խութեր ունի:  Մասնագետնի հետ զրույցի ժամանակ  ոչ պակաս կարեւոր մի հանգամանք պարզվեց: «ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգ»-ի դասակարգիչում վերոնշյալ կոդի տակ են կոմպրեսորային եւ տուրբինային քսայուղերը, որոնք օգտագործվում են էներգետիկայի եւ արդյունաբերության մեջ:

Այսինքն, մեր օրենսդիրները, չխորանալով դասակարգման մեջ, մեկ հարվածով ընդունել են օրենք,  որով հարկվում է նաեւ միայն արտադրական նպատակներով օգտագործվող յուղը, ինչն էլ կարող է հանգեցնել արդյունաբերական ապրանքների ինքնարժեքի ավելացմանը:

Մասնագետների մոտ տարակուսանք է առաջացնում նաեւ ակցիզի ձեւակերպումը: Խնդիրն այն է, որ Հայաստանը համեմատարբեր էժան յուղ է ներմուծում հարեւան Իրանից, ինչպես նաեւ ԱՊՀ մի շարք երկրներից: 10%-ի կիրառման պարգայում մեկ լիտրի դիմաց նրանցից պետք է հարկվի 50-175 դրամ, սակայն, ստացվում է, որ դա  նավազագույն սահմանված 400 դրամից  բավականին պակաս է: Արդյունքում, կիրառելով 400 դրամը, ակցիզային հարկը կկազմի ոչ թե 10%, այլ անհամեմատ ավելին:

Ավելի թանկ յուղ Հայաստան ներկրվում է եվրոպական երկրներից, Ճապոնիայից:  Սակայն նրանց դեպքում եւս  10%-ը 400 դրամից պակաս է կազմում: Ստացվում է, որ  բոլոր տեսակի յուղերի նկատմամբ համատարած կկիրառվի կիլոգրամի դիմաց 400 դրամի չափով ակցիզային հարկ: Դա նշանակում է որ կնվազի ավելի մատչելի գնով յուղեր ներմուծելու շահագրգռվածությունը, ինչն էլ կհանգեցնի մանրածախ գների աճին:

Հարկ է նկատել, որ «էժան» յուղերը օգտագործում են ոչ թե օլիգարխները, այլ շարքային քաղաքացիները: Եվ ինչն առավել կարեւոր է, շարժիչային յուղի թանկացումն անմիջականորեն կհարվածի ֆերմերների շահերին:

Գաղտնիք չէ, որ մեր «միջին» ֆերմերներն առանց այդ էլ բավակաին մեծ գումարներ են ծախսում առանց այն էլ բավականին մաշված գյուղատնտեսական տեխնիկայի վրա:

Բացի վերոնշյալ խնդիրներից, մասնագետները չեմ բացառում  մաքսային ոլորտում կոռուպցիոն ռիսկերը: Քանի որ արդյունաբերության մեջ օգտագործվող մյուս յուղերն ակցիզային հարկով չեն հարկվում: Այս սողանցքը կարող է ձեռներեցներին դրդել այլ կոդով շարժիչային յուղ ներմուծել: Իսկ դա հնարավոր է ներմուծողի եւ մաքսավորների փոխադարձ համաձայնությամբ...

Ալբերտ Խաչատրյան