«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը, որին նոյեմբերի 17-ին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար, Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել եւ շուտով կլինի նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` դատարանից առայժմ ծանուցում չեն ստացել, բայց բավական ժամանակ է անցել եւ, ըստ ամենայնի, նիստը կկայանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, եթե ոչ ավելի վաղ:

Այժմ Սերոբ Տեր-Պողոսյանը գտնվում է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Այդտեղի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը ցանկանում է մասնակցել Վերաքննիչ դատարան ներկայացված իր բողոքի քննության շրջանակներում կայանալիք նիստին, որից հետո միայն կվիրահատվի: Նրա խոսքով` Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք` քաղցկեղ: Բժիշկների կարծիքով` այն չարորակ է, քանի որ ԱՄՆ- ում եղած տարիներին այդ կապակցությամբ վիրահատվել է: «Բայց, իհարկե, վերջնական պատասխանը կլինի միայն վիրահատությունից հետո»,- ասաց Օնիկ Մելքոնյանը:

Նրա խոսքով` եթե դա չարորակ գոյացություն է, ապա իր սեւ գործը կատարելու է, թեեւ Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը համեմատաբար բարելավվել է սուր անանցանելիության հետ կապված խնդիրները լուծելուց հետո:

Իսկ թե որքանո՞վ է հավանական, որ 70-ամյա գործարարը կկարողանա արտասահմանում բուժվել, Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ նա այժմ դատապարտված է 15 տարվա ազատազրկման, բայց եթե նրա հիվանդության ախտորոշումը համապատասխանի ՀՀ կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին», Սերոբ Տեր-Պողոսյանն ազատ կարձակվի:

Նշենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը