Դանիական Օրհուս քաղաքի կենտրոնում միջնադարյան քրիստոնեական գերեզմանոցում պեղումներ կատարող հնագետները հայտնաբերել են մոտ 900 տարի առաջ այնտեղ թաղված 77 մարդկային կմախքներ, հաղորդել է Live Science-ը։
Պեղումները կատարվել են Սուրբ Օլաֆի եկեղեցու (դանիերեն՝ Sankt Olufs Kirke) տեղում՝ Յուտլանդ թերակղզում, քաղաքի պատմական կենտրոնի տարածքում շինարարական աշխատանքներից առաջ։
Մոեսգարդ թանգարանի հնագետ, նախագծի ղեկավար Մադս Ռավնը հայտնել է, որ չնայած պեղված տարածքը համեմատաբար փոքր է, մոտակա ժամանակակից շենքերի եւ փողոցների տակ, հավանաբար, էլի տասնյակ մնացորդներ կան։ Սկզբնական գնահատականները ցույց էին տալիս «ավելի քան հիսուն» գերեզմաններ, բայց վերջնական հաշվարկը կազմել է 77 գերեզման։
Բոլոր նշանները վկայում են, որ բոլոր թաղված մարդիկ վաղ քրիստոնյաներ են եղել։ Սակայն, ինչպես նշել է Ռավնը, նրանցից մի քանիսը կարող էին պահպանած լինել հին սկանդինավյան հեթանոսական համոզմունքների արձագանքները։ Գիտնականն ընդգծել է, որ «այս հազվագյուտ կմախքները մեզ եզակի հնարավորություն են տալիս ավելին իմանալ Օրհուսի առաջին բնակիչների կյանքի, հիվանդությունների եւ հավատքի մասին, եւ թե ինչպես է քրիստոնեական մշակույթը ազդել քաղաքի զարգացման վրա»։
Աղբյուրների համաձայն՝ Սուրբ Օլաֆի եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում եւ անվանակոչվել է 11-րդ դարի նորվեգացի թագավոր Օլաֆ Հարալդսոնի անունով, որը ծնվել էր հեթանոս, բայց հետագայում դարձել քրիստոնյա եւ սրբացվել։ Եկեղեցու շենքը լքվել է, երբ նրա տանիքը փլուզվել է 1548թ․՝ Մեծ Պահքի նախորդ կիրակի օրը ուժեղ քամու ժամանակ։
Սուրբ Օլաֆի գերեզմանատունը համարվում է Օրհուսի ամենահին հայտնի քրիստոնեական գերեզմանոցը։ Այն արտացոլում է անցումային շրջանը, երբ քրիստոնեությունը աստիճանաբար դուրս է մղել սկանդինավյան հեթանոսությունը եւ ավարտվել է վիկինգների դարաշրջանը (պաշտոնապես 1066թ․)։ Ի տարբերություն հեթանոսական գերեզմանների, որոնք գտնվում էին բնակավայրերից հեռու, քրիստոնյաները ձգտում էին թաղվել եկեղեցու մոտ գտնվող «սուրբ հողի» վրա՝ համայնքի կենտրոնին ավելի մոտ։
Գերեզմանները նաեւ բացահայտում են քրիստոնեական բնորոշ ավանդույթներ՝ գերեզմանային իրերի գրեթե լիակատար բացակայությունը եւ մարմինների ուղղվածությունը՝ գլուխները դեպի արեւմուտք, ոտքերը՝ դեպի արեւելք: Այս ուղղվածությունը խորհրդանշում էր Քրիստոսի Երկրորդ Գալստյան սպասումը, որը, ըստ ենթադրությունների, սկսվում էր արեւելքից՝ Երուսաղեմի եւ ծագող արեւի ուղղությամբ։
Այնուամենայնիվ, նույնիսկ քրիստոնեություն ընդունելուց հետո շատ դանիացիներ պահպանել են հին հավատքի տարրերը: Ռավնը նշել է, որ նրանք, հնարավոր է, դիմել են հեքիմների կամ կրել են «Թորի մուրճի» տեսքով թալիսմաններ՝ պաշտպանության համար. նմանատիպ գտածոներ հայտնաբերվել են նաեւ վաղ քրիստոնեական այլ գերեզմաններում, թեեւ ոչ Օրհուսում։
Գիտնականը հիշեցրել է, որ Հարալդ Կապտատամ թագավորը (մոտ 958–986) հռչակել է դանիացիների քրիստոնյա դառնալը, ինչն արտացոլվում է Յելինգի քարերի վրա եղած ռունիական արձանագրություններում: Սակայն նա ինքն իր արքունիքում պահում էր վյոլվա՝ հեթանոսական ծեսեր կատարող շաման կին: «Կարծես նրանք միաժամանակ խաղադրույք էին կատարում երկու հավատքների վրա»,- ասել է Ռավնը՝ նկարագրելով այդ դժվարին անցումային շրջանը:





























