Աղմկահարույց համացանցային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ոչ միայն հեռուստահաղորդավար է ուզում դառնալ, այլեւ որոշել է իրեն դերասանական վարպետության մեջ փորձել, իհարկե, դեռեւս միայն հնչյունավորման ոլորտում: Ասանժը կհնչեցնի ամերիկյան լեգենդար «Սիմփսոններ» մուլտսերիալի կերպարներից մեկի ձայնը:
Սերիալը ստեղծողների ներկայացուցիչ Անտոնիա Քոֆմանը հայտնել է, որ Ասանժը` որպես հրավիրված աստղ, հանդես կգա «Սիմփսոնների» հոբելյանական 500-րդ սերիայում, որը եթեր կհեռարձակվի փետրվարի 19-ին:
Այս դրվագում Սիմփսոնների ընտանիքն իր ամբողջ կազմով` Հոմեր, Մարջ, Բարթ, Լիզա եւ Մեգգի, լքում է մտացածին Սփրինգֆիլդի իր տունը եւ տեղափոխվում ինչ-որ հետնախորշեր, որտեղ նրա հարեւանն է դառնում Ասանժի կերտած կերպարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Reuters-ին:
Ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ «Սիմփսոններ» ամենաերկար մուլտսերիալը եթեր է հեռարձակվում 1989 թվականից: Այդ ընթացքում այն ստացել է Emmy Award-ի 24, Annie Award-ի 26, Peabody Award-ի մեկ, «XX դարի մեծագույն շոու» մրցանակ եւ աստղ Փառքի ծառուղում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ Ասանժը հեռուստահաղորդավար է դառնալու սեփական ծրագրում, որում պատմելու է ժամանակակից համաշխարհային հանրության սուր խնդիրների մասին: Ավելի ուշ ռուսական Russia Today հեռուստաալիքը հայտնել է, որ տվյալ հաղորդումը նրա բացառիկ նախագիծն է, եւ եթեր կհեռարձակվի մարտից:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը դեռեւս գտնվում է դատավարության տակ. փետրվարի 1-ից Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն սկսելու է Ասանժի գործի վերջին բողոքարկման վերանայումը, որով, ըստ բրիտանական օրենսդրության, Ասանժին պետք է հանձնեն Շվեդիային, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության եւ երկու երիտասարդ կանանց հետ սեռական բռնի հարաբերություններ ունենալու մեջ:




























