ՀԱՄԱՍ խմբավորումը ևս երեք պատանդի մարմին է հանձնել Իսրայելին, հայտնում է Reuters-ը։
Երեք դագաղները նոյեմբերի 2-ի ուշ երեկոյան փոխանցվել են Գազայի հատվածում Կարմիր խաչի ներկայացուցիչների միջնորդներին, որից հետո դրանք ուղարկվել են Իսրայել՝ փորձաքննության համար։
Իսրայելի պաշտպանության բանակից հայտնել են, որ փորձաքննությունը հաստատել է մնացորդների իսկությունը։ Այժմ դրանք կփոխանցվեն ընտանիքներին՝ հուղարկավորության համար։
Բոլոր երեք պատանդները զինվորականներ են։ Նրանք են գնդապետ Ասաֆ Համամին, կապիտան Օմեր Նեուտրան և ավագ սերժանտ Օզ Դանիելը։ Նրանք բոլորը զոհվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած մարտերի ժամանակ՝ ահաբեկիչների կողմից Իսրայելի վրա հարձակման օրը, որից հետո նրանց մարմինները տեղափոխվել են Գազա։
Հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել խմբավորման մոտ մնացած բոլոր 20 կենդանի պատանդներին և խոստացել է փոխանցել բոլոր զոհվածների դիակները։ Հայտնի է, որ մին օրը 8 մարմին դեռևս չի փոխանցվել Իսրայելին։
Իսրայելն իր հերթին բանտերից ազատ է արձակել գրեթե երկու հազար բանտարկյալի՝ ինչպես նախկինում ահաբեկչության համար դատապարտվածների, այնպես էլ մարտական գործողությունների ընթացքում ձերբակալված և առանց դատավարության բանտերում պահվողների, ինչպես նաև փոխանցել է 360 պաղեստինցի զինյալի մարմին։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում են խախտումների համար։ Իսրայելը շարունակում է սահմանափակ հարվածներ հասցնել Գազայի հատվածին՝ պնդելով, որ դա անում է ի պատասխան իսրայելցի զինվորականների վրա զինյալների հարձակումներին։ Ըստ ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալների՝ խաղաղության գործարքի կնքումից հետո իսրայելական ավիացիայի հարձակումների հետևանքով զոհվել է 236 մարդ։





























