ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստել է Գազայի հատվածում Միջազգային կայունացման ուժեր (ISF) ստեղծելու մասին բանաձևի նախագիծ։ Փաստաթուղթը տարածվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների շրջանում, գրում է Axios-ը։ Բանաձևի ընդունման դեպքում ԱՄՆ-ն և այլ շահագրգիռ երկրներ լայն լիազորություններ կստանան Գազայի հատվածը կառավարելու և այնտեղ անվտանգություն ապահովելու համար մինչև 2027 թվականի վերջ կատարվող երկարաձգման հնարավորությամբ։ Նախագծի համաձայն՝ միջազգային զորախումբը կգործի Իսրայելի և Եգիպտոսի հետ սերտ համակարգմամբ, մեկ միասնական հրամանատարության ներքո, որը համաձայնեցված կլինի Գազայի «Խաղաղության խորհրդի» հետ, որը Թրամփն առաջարկել էր ստեղծել և ղեկավարել անցյալ շաբաթ։ Ուժերի կազմում կընդգրկվեն մի շարք երկրների զինծառայողներ, որոնցում մասնակցության պատրաստակամություն են հայտնել Ադրբեջանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան և Թուրքիան։

Կառույցը զբաղվելու է սահմանների և մարդասիրական միջանցքների պահպանությամբ, բնակչության պաշտպանությամբ, ինչպես նաև նոր պաղեստինյան ոստիկանության պատրաստմամբ, որը կօգնի առաքելության ապահովման գործում։ Բացի այդ, ISF-ը պետք է վերահսկի հատվածի ապառազմականացումը՝ ռազմական և ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացումը և բոլոր ոչ պետական խմբավորումների, ներառյալ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, որը եղել է Իսրայելի առանցքային պահանջը։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ միջազգային զորքերը լինելու են «պարտադրող ուժ, այլ ոչ թե խաղաղապահ առաքելություն»։ Տեղակայումը կարող է սկսվել 2026 թվականի հունվարին։ ISF-ի մանդատի ցանկացած երկարաձգման կամ փոփոխության խորհրդակցություններ կպահանջի Իսրայելի, Եգիպտոսի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ։

ԱՄՆ-ը հույս ունի, որ բանաձևը կընդունվի մի քանի շաբաթվա ընթացքում, որպեսզի անմիջապես անցնեն ծրագրի իրականացմանը։ Ըստ պարբերականի զրուցակցի՝ Թրամփի վարչակազմը ISF-ը դիտարկում է որպես առանցքային քայլ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինված հակամարտությունից հետո Գազայի հատվածում կայունություն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, բանաձևի նախագիծը հղում չի կատարում ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխին. դա նշանակում է, որ նոր ուժերը չեն ունենա նույն իրավական կարգավիճակը, ինչ Լիբանանում ՄԱԿ-ի առաքելությունը (UNIFIL) և դրանք կգործեն այլ մանդատի շրջանակում։

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ը ներկայացրել է Գազայի հատվածում խաղաղ կարգավորման պլան։ Ըստ Թրամփի մտահղացման՝ տարածաշրջանում կհայտնվի անցումային պաղեստինյան վարչակազմ՝ «Խաղաղության խորհրդի» վերահսկողության ներքո, որը մինչև բարեփոխումների ավարտը կհամակարգի ֆինանսավորումը, վերականգնումը և քաղաքացիական կառավարումը։ ՀԱՄԱՍ-ը և մյուս խմբավորումները որևէ ձևով չեն կարողանա մասնակցել Գազայի կառավարմանը։