Հարավային Կովկասի տարածաշրջանը որպես այդպիսին գոյություն չունի այն առումով, որ երկրների միջև սահմանները փակ են։ Այս մասին նոյեմբերի 4-ին «Օրբելի - 2025» միջազգային համաժողովում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ եթե Հարավային Կովկասին նայեն ԱՄՆ-ի տեսանկյունից, ապա կարող են այն անվանել տարածաշրջան, սակայն բուն բնակիչների համար այն տարածաշրջան չէ։ Նա պարզաբանել է, որ տարածաշրջանի հնարավորությունների մասին խոսելու համար պետք է նախ ստեղծել այն, որպեսզի այդ երկրների քաղաքացիները կարողանան փոխգործակցել առանց միջնորդների։
Իսկանդարյանը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը 5 տարվա ընթացքում փոխվել է, մասնավորապես, 44-օրյա պատերազմի արդյունքում, Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքով։





























