ԱՄՆ-ը առաջարկում է միասնական տարածք ստեղծել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև, որտեղ բոլոր մասնակիցները կարող են տնտեսական օգուտներ ստանալ և դա համապատասխանում է նաև ռուսական տրամաբանությանը։ Այդ մասին նոյեմբերի 5-ին «Օրբելի – 2025» միջազգային ֆորումում հայտարարել է ռուս քաղաքագետ Վիկտորյա Ժուրավլյովան։

Նա հավելել է, որ սա պահանջում է, որ Ռուսաստանը մեծ քայլեր ձեռնարկի և հասկանա տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները, սակայն Մոսկվան արդեն պատրաստ է նման քայլերի։

Նրա գնահատմամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և դրա հետ շատ առումներով կապված ԱՄՆ նախագահ Թրամփի «TRIPP» («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» - խմբ.) առաջարկն արտացոլում է տարածաշրջանում տեղի ունեցող ամեն ինչի շատ կարևոր անցումը՝ աշխարհաքաղաքական տրամաբանությունից դեպի տնտեսական տրամաբանության։ Փորձագետը պարզաբանել է, որ աշխարհաքաղաքական տրամաբանությունը ենթադրում է «զրոյական գումարով» խաղ, պարտադիր է թե՛ հաղթողի, թե՛ պարտվողի առկայությունը։ «Սա է հենց այն հակամարտության հիմքը, որը երկար ժամանակ գոյություն է ունեցել տարածաշրջանում և ձևավորել միմյանց մասին երկրների բոլոր տեսակի պատկերացումները»,- նշել է նա։

Ժուրավլյովան ընդգծել է, որ հակադրության աշխարհաքաղաքական տրամաբանությունը արգելափակում է ցանկացած զարգացում, մինչդեռ տնտեսությունը փոխադարձ շահ է, տնտեսական մրցակցությունը ենթադրում է, որ բոլորը կարող են հաղթել, ենթադրում է, որ բազմակի ուղիները (ռուսական «Հյուսիս – Հարավ» ուղին կամ Թրամփի առաջարկած նախագծին համատեղ մասնակցությունը) ստեղծում են մրցակցության և տարածաշրջանների, ինչպես նաև առանձին յուրաքանչյուր երկրի զարգացման տարածք։

«Որքան շատ են այդ ուղիները, որքան շատ ներդրումներ են երկրները կատարում տարածաշրջանի զարգացման մեջ, այնքան մեծ արդյունք են ստանում։ Այս տեսակետը կիսում են բոլոր մասնակիցները, ներառյալ Ռուսաստանը։ Թրամփի առաջարկած գաղափարը պատասխան է այն պահանջին, որն անհրաժեշտ է տարածաշրջանին։ Նա առաջարկում է տնտեսական նախագիծ, որը շահավետ կլինի անկախ տարածաշրջանի այս կամ այն երկրից։ ԱՄՆ շահերի ետևում միշտ կարելի է նկատել հետևյալ աշխարհաքաղաքական դիրքորոշումները՝ մեկուսացնել Ռուսաստանը և դուրս մղել նրան տարածաշրջանից։ Սա այն է, ինչ մենք լսել ենք բանակցային ողջ գործընթացի ընթացքում։ Սա առաջին արձագանքն է եղել օգոստոսին՝ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթերի ստորագրման ժամանակ, առ այն, որ այս ամբողջ գործընթացը ուղղված է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն»,- նշել է քաղաքագետը։

Ընդ որում, նրա գնահատմամբ, այդ թերահավատությունը կառուցված է հակամարտության ընկալման ավանդական ձևաչափերի վրա։ Վիկտորյա Ժուրավլյովան մատնանշել է այդ ընկալումը հաղթահարելու կարևորությունը՝ միաժամանակ չմոռանալով տարածաշրջանի պատմական կոնֆլիկտայնությունը։