Անցյալ ամսվա Լուվրում տեղի ունեցած աղմկոտ կողոպուտը, որի ժամանակ գողերը գողացել էին ֆրանսիական թագի մի քանի զարդեր, «խլացուցիչ տագնապ» էր թանգարանի անվտանգության ծառայության համար, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի Գերագույն աուդիտի հաստատության ղեկավար Պիեռ Մոսկովիչին, գրում է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)։

Փարիզի թանգարանի վերաբերյալ Հաշվիչ դատարանի զեկույցին նվիրված մամուլի ասուլիսում Պիեռ Մոսկովիսին նշել է, որ աշխարհահռչակ թանգարանում անվտանգության ուժեղացման աշխատանքներն ընթանում են «խիստ անհամազոր տեմպերով»։

Փոխարենն, ըստ Հաշվիչ դատարանի խիստ քննադատական ​​զեկույցի, թանգարանը առաջնահերթություն է տալիս «բարձրակարգ և աչքի ընկնող գործողություններին»՝ անվտանգության հաշվին։

Հաշվիչ դատարանի զեկույցն ուսումնասիրել է թանգարանի կառավարման գործունեությունը 2018-2024 թվականներին։ Գերատեսչությունը եզրակացրել է, որ ղեկավարությունը ներդրումային որոշումներ է ընդունրել «շենքերի և տեխնիկական սարքավորումների պահպանման և վերանորոգման հաշվին, մասնավորապես՝ անվտանգության առնչությամբ»։

Այն միաժամանակ ընդգծել է «արվեստի գործերի պաշտպանության անվտանգության միջոցառումների ներդրման մշտական ​​​​ուշացումը», որը թանգարանը չի կարողացել լուծել հաշվետու ժամանակահատվածում։

Լուվրի ղեկավարությունը հինգշաբթի հայտարարեց, որ ընդունել է աուդիտորական մարմնի առաջարկությունների մեծ մասը, սակայն միաժամանակ շեշտեց, որ զեկույցում իր անվտանգության ապահովման որոշ միջոցառումներ անտեսվել են։

Դատարանի առաջարկություններն արտացոլում են գողությունից հետո անցկացված վարչական հետաքննության նախնական եզրակացությունները։

Անցյալ շաբաթ մշակույթի նախարար Ռաշիդա Դատիի հրապարակած այդ եզրակացությունները ցույց են տալիս թանգարանի «ներխուժման և գողության ռիսկի խրոնիկական կառուցվածքային թերագնահատումը» և «անվտանգության միջոցառումների անբավարար մակարդակը»։

Նախարարը միաժամանակ թանգարանին խնդրել է վերանայել կառավարման համակարգը և նախագահական մակարդակով պաշտպանության և պահպանման նոր բաժին ստեղծել։ Ուրբաթ օրը նախատեսված է Լուվրի տնօրենների խորհրդի արտակարգ նիստ։

Փախուստի ժամանակ գողերը գցել են ադամանդկուռ և զմրուխտապատ թագը, որը մի ժամանակ պատկանել է Նապոլեոն III-ի կնոջը՝ կայսրուհի Եվգենիային։ Սակայն նրանք փախել են ութ այլ զարդերով, դրանց թվում՝ ադամանդկուռ և զմրուխտապատ վզնոցով, որը Նապոլեոն I-ը նվիրել էր իր երկրորդ կնոջը՝ կայսրուհի Մարի-Լուիզին։

Չորս հոգուց բաղկացած մի խումբ հոկտեմբերի 19-ին ցերեկով ներխուժել է Լուվր՝ աշխարհի ամենաշատ այցելվող արվեստի թանգարան, ընդամենը յոթ րոպեում գողանալով մոտ 102 միլիոն դոլարի ակնեղեն, որից հետո փախուստի են դիմել սկուտերներով։

Գողերը թանգարանի «Ապոլլոն» պատկերասրահի տակ կայանել են բեռնատար՝ ձգվող սանդուղքով, որտեղ պահվում են ֆրանսիական թագի ակնեղենը, բարձրացել են այնտեղ, կոտրել պատուհանը և կտրող սարքերի միջոցով կտրել գանձերի ապակե ցուցափեղկերը։

Իշխանությունները դեռևս չեն հայտնաբերել գողացված ակնեղենը։ Սակայն կալանավորված չորս անձի, որոնցից երեքը կասկածվում են կողոպուտին անմիջական մասնակցության մեջ, մեղադրանք է առաջադրվել։