ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Ուզբեկստանը առևտրային համաձայնագրի են եկել: Համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ում կներդրվի ավելի քան 100 միլիարդ դոլար։
«Ես ուրախ եմ հայտարարել Միացյալ Նահանգների և Ուզբեկստանի միջև անհավանական առևտրային և տնտեսական համաձայնագրի մասին», - գրել է ԱՄՆ նախագահը։
Պայմանագրի համաձայն՝ Ուզբեկստանը հաջորդ երեք տարիների ընթացքում կգնի և կներդնի 35 միլիարդ դոլար ԱՄՆ-ում, իսկ հաջորդ 10 տարիների ընթացքում՝ ավելի քան 100 միլիարդ դոլար։
«Գումարը կուղղվի ամերիկյան հիմնական ոլորտներին, այդ թվում՝ կարևորագույն հանքարդյունաբերությանը, ավիացիային, ավտոպահեստամասերի արտադրությանը, ենթակառուցվածքներին, գյուղատնտեսությանը, էներգետիկային և քիմիական նյութերին, տեղեկատվական տեխնոլոգիաներին և այլն», - ասվում է գրառման մեջ։
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն անհամբեր սպասում է երկու երկրների միջև երկարատև և արդյունավետ հարաբերությունների։





























