Ադրբեջանն ու Հայաստանը դեռ շատ անելիքներ ունեն՝ հարաբերությունների կարգավորման գործընթացն անշրջելի դարձնելու համար, Ռուսաստանը պատրաստ է օգնել։ Այս մասին նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
«Բաքուն եւ Երեւանը դեռ շատ անելիքներ ունեն՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացն անշրջելի դարձնելու համար, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ նրանց անմիջական հարեւանների շահերից ելնելով տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների վերականգնումը, պետական սահմանի արդարացի սահմանազատումը եւ սահմանագծումը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության շրջանակում արդյունավետ կապերի հաստատումը»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի եւ հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակում»։
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ եւ չեն կորցրել իրենց արդիականությունը, նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
«Միասին վերցրած՝ ամենաբարձր մակարդակով չորս հայտարարությունները (2020-2022թթ․) կազմում են խաղաղության գործընթացի «ճանապարհային քարտեզը»։ Այս համաձայնագրերը մնում են ուժի մեջ եւ չեն կորցրել իրենց արդիականությունը։ Եռակողմ ձեւաչափով ստեղծված կարեւոր հիմքերն ակտիվորեն օգտագործվում են ադրբեջանական եւ հայկական կողմերի կողմից, այդ թվում՝ անմիջական երկխոսության մեջ։ Այս համատեքստում ռուսական կողմը դրականորեն է գնահատել 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների կողմից Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի նախաստորագրումը»,- նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։





























