Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին զգալիորեն ուժեղացրել են պաշտպանության, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը։ Այս գործընկերությունը ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար էլ, ասել է NatStrat Ռազմավարական և պաշտպանական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հարշիտ Շարման։
«Հնդկաստանի համար Հայաստանը կարևոր գործընկեր է, քանի որ այն ձգտում է զարգացնել սեփական պաշտպանական արդյունաբերությունը։ Այսօր Հնդկաստանը զենք է արտահանում ավելի քան 100 երկիր, իսկ Հայաստանը հնդկական պաշտպանական սարքավորումների ամենամեծ ներմուծողն է», - նշել է Շարման NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Հնդկաստանը տարածաշրջանում հանդես է գալիս որպես ակտիվ, բայց չեզոք խաղացող։ «Մենք չենք ձգտում գերիշխանության, այլ ցանկանում ենք վերականգնել ուժերի հավասարակշռությունը։ Հարավային Կովկասում հնդկական քաղաքականությունն ուղղված է կայունության և հավասարակշռության ապահովմանը։ Դա շահավետ է թե՛ Հայաստանին, թե՛ Հնդկաստանին», – ընդգծել է նա։
Մեկնաբանելով «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակում իրանական Չաբահար նավահանգստի նախագծին Հայաստանի մասնակցության նկատմամբ հետաքրքրությունը, Շարման նշել է, որ այդ երթուղին կարող է առանցքային դեր ունենալ երկու երկրների միջև բեռնափոխադրումների համար։ «INSTC-ն առաջարկվել է դեռևս 2000 թվականին և այսօր վերածվում է Հնդկաստանը Եվրոպային կապող կարևորագույն ցանցերից մեկին։ Չաբահար նավահանգստում Հնդկաստանը կառուցում է Շահիդ Բեհեշթիի տերմինալը, որը ռազմավարական առումով ավելի ձեռնտու դիրքում է, քան Բանդար Աբբասը։ Սա լուրջ առավելություններ է ստեղծում առևտրի համար», – պարզաբանել է նա։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը կարող է կարևոր օղակ դառնալ տարածաշրջանային տրանսպորտային համակարգում։ «Այժմ քննարկվում է չորրորդ երթուղու հնարավորությունը՝ Հայաստանի, Վրաստանի և Սև ծովի միջով։ Ծով ելք չունեցող երկրի համար Չաբահարը իրական ճանապարհ է բացում դեպի համաշխարհային առևտուր և կարող է հնդկական ապրանքների, այդ թվում՝ պաշտպանական սարքավորումների տեղափոխման առանցքային ուղի դառնալ», - նշել է Շարման։
Գնահատելով Հայաստանի արտաքին և տնտեսական քաղաքականությունը՝ նա ընդգծել է երկրի աճող դերը որպես նորարարության կենտրոն։ «Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Դուք դառնում եք «Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը», ակտիվորեն զարգացնում եք մաքուր էներգիան և նույնիսկ էլեկտրաէներգիա արտահանում հարևան երկրներ», - ասել է փորձագետը։
Շարման նշել է, որ Հայաստանի կողմից պաշտպանական կապերի դիվերսիֆիկացիան ճիշտ ուղղությամբ արված քայլ է։ «Եթե նախկինում պաշտպանական ներմուծման գրեթե 93%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին, ապա այսօր առանցքային գործընկերներ են դառնում Հնդկաստանը, Ֆրանսիան և Հունաստանը։ Սա դրական միտում է։ Գլխավորն այն է, որ պետք է հասնել կայուն խաղաղության, որպեսզի երկրի զարգացումը նույնպես կայուն լինի», – հավելել է նա։
Նրա խոսքով՝ խաղաղապահ նախաձեռնություններին ԱՄՆ-ի մասնակցությունը կարող է կառուցողական դեր խաղալ միայն այն դեպքում, եթե նպատակը լինի երկարաժամկետ կարգավորումը, այլ ոչ թե կարճաժամկետ քաղաքական շահերը։
Խոսելով ինքնիշխանության հարցի մասին, Շարման ընդգծել է, որ 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո այն առանցքային դեր ունի Հայաստանի համար։ «Արտաքին վերահսկողության ներքո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» կառուցելու փորձերը կխախտեին Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը համաձայնել է ճանապարհի կառուցմանը, բայց մտադիր է ինքը վերահսկել այն։ Դա արդար է», – նշել է նա։
«Հնդկաստանը պաշտպանում է տարածաշրջանի բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և անկախության սկզբունքները։ Միայն այդ պայմանով է հնարավոր դառնում ամուր և երկարաժամկետ խաղաղությունը։ Հնդկաստանը պատրաստ է այդ գործընթացում լինել Հայաստանի հուսալի գործընկերը», – եզրափակել է փորձագետը։





























