Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան շաբաթ օրը պաշտոնական այցով ժամանել է Միացյալ Նահանգներ՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նրան հանել է ահաբեկիչների սև ցուցակից, հաղորդում է Sana-ն։

Աշ-Շարաան, որի զորքերը անցած տարվա վերջին տապալել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, երկուշաբթի Սպիտակ տանը պետք է հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Փորձագետների կարծիքով, սա Սիրիայի նախագահի առաջին նմանատիպ այցն է 1946 թվականին երկրի անկախացումից հետո։ Ղեկավարը առաջին անգամ Թրամփի հետ հանդիպել էր մայիսին Էր-Ռիյադում՝ ԱՄՆ նախագահի տարածաշրջանային շրջագայության ընթացքում։

Ավելի վաղ այս ամսվա ընթացքում ԱՄՆ դեսպան Թոմ Բերեքը հայտարարել էր, որ աշ-Շարաան հույս ունի ստորագրել համաձայնագիր՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻԳԻԼ-ի դեմ գործող միջազգային դաշինքին միանալու վերաբերյալ։

Միացյալ Նահանգները նախատեսում է Դամասկոսից ոչ հեռու ռազմական բազա ստեղծել՝ «հումանիտար օգնության համակարգման և Սիրիայի ու Իսրայելի միջև զարգացումների վերահսկման նպատակով», հայտնել է AFP-ին Սիրիայում դիվանագիտական աղբյուրը։

Պետդեպարտամենտի որոշումը՝ ուրբաթ օրը աշ-Շարաային սև ցուցակից հանելու վերաբերյալ, կանխատեսելի էր։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Պիգոն հայտարարել է, որ աշ-Շարաայի կառավարությունը «կատարել է ԱՄՆ-ի պահանջները, այդ թվում՝ անհետացած ամերիկացիների որոնման և մնացած քիմիական զենքի ոչնչացման ուղղությամբ»։

«Այս քայլերը ձեռնարկվում են՝ որպես Ասադի հեռացումից և Ասադի ռեժիմի ավելի քան 50 տարվա բռնաճնշումներից հետո Սիրիայի ղեկավարության առաջընթացի ճանաչման նշան», ասել է Պիգոն։

Մամուլի քարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից ցուցակից հանվելը կնպաստի «տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Սիրիայի ղեկավարությամբ ներառական քաղաքական գործընթացին»։