Մեքսիկայի կառավարությունը մեկնարկել է Միչոական նահանգի անվտանգության ծրագիր։ Դա տեղի է ունեցել այն մարդու սպանությունից հետո, ով կոչ էր արել նախագահին ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել թմրամիջոցների դեմ պայքարի համար, հաղորդում է Bloomberg-ը։
Պարբերականը գրում է, որ Ուրուապանի 40-ամյա քաղաքապետ Կառլոս Մանսոյի սպանությունը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, դարձել է հերթական բռնի հանցագործությունը, որը ստիպել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին և նրա կառավարությանը միջոցներ ձեռնարկել հանրային անվտանգությունը ուժեղացնելու համար։
Ծրագիրը ներկայացնելիս պետության ղեկավարը սպանությունը որակեց որպես «վախկոտ» արարք։ Ըստ ընդունված որոշումների՝ կառավարությունը ավելի քան 57 միլիարդ մեքսիկական պեսո (3,1 միլիարդ դոլար) կհատկացնի նահանգում անվտանգությունն ամրապնդելու համար։
Շեյնբաումը նաև խոստացել է յուրաքանչյուր 15 օրը մեկ վերանայել Միչոականում արձանագրված առաջընթացը և հատկացնել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները բռնությունը վերացնելու համար։
Բացի այդ, ծրագիրը նախատեսում է ավելի քան 10,000 զինվորականների տեղակայում՝ պետական անվտանգության ուժերը հզորացնելու համար: Փաստաթուղթը նաև ներառում է նահանգի սահմանների փակում՝ հանցագործների մուտքն ու ելքը կանխելու համար:
Պաշտպանության նախարար Ռիկարդո Տրևիլյա Տրեխոյի խոսքով՝ կիտրոնի և ավոկադոյի արտադրողները նույնպես պաշտպանված կլինեն։
Բացի այդ, իշխանությունները նախատեսում են ամրապնդել տեղական ոստիկանության կարողությունները՝ ուսուցման, սարքավորումների և հետախուզական գործողությունների ավելացման միջոցով։
Ճեպազրույցի ընթացքում էկոնոմիկայի նախարար Մարսելո Էբրարդը հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է ամրապնդել պետական ենթակառուցվածքները՝ նախատեսելով 39,3 միլիարդ մեքսիկական պեսոյի ներդրումներ, այդ թվում՝ մասնավոր հատվածում։
Ծրագրի ներկայացմանը մասնակցել են նաև առողջապահության, մշակույթի, կրթության և էներգետիկայի նախարարները։ Նրանք հայտարարել են նահանգում պայմանները բարելավելու միջոցառումների մասին։
Bloomberg-ը նշում է, որ ազդեցության համար մղվող պատերազմը երկար տարիներ մարտահրավեր է նետել կառավարության բազմաթիվ փորձերին՝ Միչոականում անվտանգությունը վերականգնելու ուղղությամբ։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ իշխող կուսակցության նահանգապետ Ալֆրեդո Ռամիրես Բեդոլյայի կառավարման չորս տարիների ընթացքում նահանգում առնվազն յոթ քաղաքապետ է սպանվել։
«Միչոականը կարտելների կողմից բորբոքված բռնության օջախ է, որտեղ մրցակից խմբավորումները պայքարում են թմրանյութերի ապօրինի շրջանառության, շորթման և նահանգում ավոկադոյի ու կիտրոնի արտադրության վերահսկողության համար», - հավելում է պարբերականը։





























