Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի առանձին հատվածների, ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգին համապատասխան։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Նույն կանոնակարգով սահմանվում է նաև հանձնաժողովների կողմից կայացված որոշումների և/կամ պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելու ընթացակարգը: Որևէ այլ ընթացակարգով Հանձնաժողովների կողմից որոշումներ չեն կայացվել և չեն կայացվելու:
Նշենք նաև, որ Հանձնաժողովների աշխատանքները պատշաճ լուսաբանվում են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգով սահմանված կարգով»,–ասված է պատասխանում։
Նշենք, որ NEWS.am-ը Մհեր Գրիգորյանի գրասենյակին էր ուղղել հետեւյալ հարցերը. «Արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները քննարկում ունեցել են անկլավների, էքսկլավների շուրջ։ Կա՞ որոշում, թե ինչպես է լուծվելու այդ հարցը։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը՝ ինչպե՞ս պետք է հարցը լուծում ստանա, տարածքների փոխանակման տարբերակը դիտարկվո՞ւմ է։
Առհասարակ, ինչ փուլում են հանձնաժողովների աշխատանքները։ Կա՞ն ժամկետներ, թե երբ կվերսկսվի սահմանազատման այս պահին փաստացի կանգ առած գործընթացը սահմանի որեւէ հատվածում։ Ո՞րն է լինելու հաջորդ սահմանազատվող հատվածը»։





























